Armenian text to speach

ԱՄՓՈՓՈՒՄ. ՕՐԱԹԵՐԹԻ 1 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամփոփելով անցնող տարվա գործունեության արդյունքները` «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում մի քանի հարցեր, որոնք մասնակի կամ ամբողջությամբ լուծվել են թերթի հրապարակումների արդյունքում:

 

* «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Հրապարակումից հետո պատվաստանյութի հետ կապված խնդիրը կարգավորվեց:

* «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Ազգային Ժողովի պատգամավորների դժգոհությանը` կապված աշխատասենյակներում օդափոխման համակարգերի բացակայության հետ: Խնդիր կար նաեւ` ԱԺ ճաշարանի հետ կապված: Պատգամավորները եւ, առհասարակ, խորհրդարանի ճաշարանից օգտվողները դժգոհում էին այնտեղ շոգ լինելու հանգամանքից: Եվ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը տեխնիկական է եւ կապված է հին մասնաշենքի լարերի հետ, որոնց հին լինելու հետ կապված` անհեռանկարային է նման սարքերի տեղադրումը: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասել էր, որ կապահովեն էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ օդորակիչների հարցը կկարգավորի սպասարկող ընկերությունը: Որպես արդյունք նշենք, որ ճաշարանում օդորակիչներ տեղադրվեցին, եւ խոստացան, որ այս ընթացքում զուգահեռ կզբաղվեն նաեւ պատգամավորների աշխատասենյակների օդորակիչների հարցերով:

* «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար հեռախոսազանգեր էր ստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից` կապված ճոպանուղու աշխատաժամերի հետ: Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում ճոպանուղին աշխատում էր առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ 17.30-ը ընկած ժամանակահատվածը: Եւ ճոպանուղու շուտ փակվելու պատճառով շատ զբոսաշրջիկներ չէին հասցնում օգտվել դրանից: Մեր հեռախոսազանգից ու հրապարակումից հետո 30 րոպեով ավելացվել էր ճոպանուղու աշխատանքային ժամը: Այսինքն` ճոպանուղին արդեն փակվում է ոչ թե 17.30-ին, այլ 18.00-ին:

* «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալ Արմինե Մանուկյանը եւ հայտնել, որ 2018թ. համաներման 2-րդ հոդվածի առաջին կետը տարածվում է իր վրա, եւ նա կարող է հայտնվել ազատության մեջ, բայց մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում: Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Այսինքն` եթե անձը որեւէ արարքի համար դատապարտվել է, ու համաներումը տարածվում է նրա վրա, նա չի կարող ազատ արձակվել, եթե իր մեկ այլ արարքի գործով դեռ դատաքննություն է ընթանում: Արդյունքում կին դատապարտյալին թույլ չեն տվել աղմուկ բարձրացնել, եւ դատապարտյալներից Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը կացարանից հանել են Արմինե Մանուկյանին եւ պարզաբանում պահանջել, թե ինչպես է նա համարձակվել խնդիր բարձրաձայնել: Այդ ամենին ականատես են եղել ՔԿՀ աշխատակիցները եւ որեւէ կերպ չեն միջամտել: Մեր այդ հրապարակումից հետո ՔԿՀ-ում քննություն սկսվեց, ավելին` մեզ հայտնի դարձավ, որ անգամ բժիշկներ են այցելել ՔԿՀ եւ ստուգել են Արմինե Մանուկյանին` հասկանալու համար, թե իր վրա բռնության հետքեր կան, թե ոչ: Պետք է արձանագրենք, որ մեր այս հրապարակումից հետո ՔԿՀ ղեկավարությունը պատժեց կին դատապարտյալներին, որոնք «ռազբորկայի» էին կանչել Արմինե Մանուկյանին:

* «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ տարի օրենք է խախտել եւ իր պաշտոնավարմանը զուգահեռ եղել «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն: Իհարկե, Երեւանի քաղաքապետարանի կողմից փորձ էր արվել հերքել մեր հրապարակումը, սակայն նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին ուսումնասիրել է մեր կողմից արված հրապարակումը եւ որոշել է, որ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հատկանիշներ: Այդ հիմքով հարուցվել է վարույթ, իսկ որոշումն էլ ուղարկվել Հայկ Մարությանին: Ստացվում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո խախտում էր հայտնաբերվել, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել:

* «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը բաժանմունքի գործունեությունը կասեցնելու մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանն էր: Բաժանմունքում 8 հիվանդ կային, որոնք ստիպված էին իրենց բուժման կուրսը կիսատ թողնել: Խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն անձամբ գնացել էր բուժհաստատություն եւ պարզել, որ արդեն կեսօրին բաժանմունքում պառկած հիվանդները չեն կարող ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Մեր հրապարակումից հետո բաժանմունքի ղեկավարը ոչ միայն հեռախոսով, այլ նաեւ իր մոտ կանչելով` սկսեց բուժման կուրսեր անցկացնել հիվանդների հետ: Նա անհատական մոտեցում էր ցույց տվել բուժվող հիվանդներին:

* «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում: Արդեն 6 ամիս է, ինչ «Թռչունյան տուն» մանկատունը ֆինանսավորում չի ստանում: Ս/թ դեկտեմբերի 19-ին Երեւանի բնակչուհի Ազա Հարությունյանի ու Գոռ Ղազարյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվել եւ օգնություն է ուղարկվել «Թռչունյան տուն»` շոկոլադ, պարկով ալյուր, բրինձ, հագուստ, լվացքի միջոցներ, հիգիենիկ պարագաներ, մաքրող միջոցներ, սրբիչներ, քաղցրեղեն, ձեթ, կոնֆետեղեն, միրգ, գրենական պիտույքներ, խաղալիքներ: Բարերարների խոսքերով` հագուստի բաշխման ժամանակ օգտվել են նաեւ աշխատողները, որոնք իրենց թոռնիկների համար են հագուստ վերցրել: Հետո անհատ բարերարները ստանում են նամակներ մանկատան սաների կողմից այն մասին, որ ղեկավարությունը որեւէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ միջոցներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ այցելեց մանկատուն եւ արձանագրեց, որ միրգը, սննդամթերքը, հիգիենիկ եւ մաքրող միջոցները խնամքով պահված էին պահեստներում: Կոնֆետները եւս փաթեթավորված պահեստում դրված էին, դրանք եւս չէին բաժանվել երեխաներին: Հիգիենիկ միջոցները՝ շամպունները, անձեռոցիկները, ատամի մածուկներն ու խոզանակները, չէին բաժանվել երեխաներին: Նշենք, որ լվացարանների մոտ օճառներ չկային, եւ սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին տարել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր: Զուգարանները զուրկ էին տարրական պայմաններից, նույնիսկ զուգարանի թուղթ չկար տեղադրված: Բարերարները զուգարանի թուղթ էին տարել, բայց դա նույնպես պահեստում պահված էր: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո տեղեկացանք, որ հեղուկ օճառներ էին դրվել լվացարանների մոտ, զուգարանի թուղթ` զուգարանում, կոնֆետներ էին բաժանել երեխաներին, աղջիկների բաղնիքի ցնցուղն էին վերանորոգել: Ի դեպ, տեղեկացանք, որ մեր հրապարակումը քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Հ. Գ. Նշենք, որ վերը նշվածներով չեն սահմանափակվում «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրության ձեռքբերումներն ու ամբողջ տարվա ընթացքում աշխատանքի արդյունքում քաղված պտուղները: Եղել են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ խմբագրության միջամտությամբ (ոչ հրապարակային) լուծվել են շարքային քաղաքացիների բազմաթիվ խնդիրներ, կարողացել ենք օգնել մի շարք կարիքավոր մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

 

 

 




Լրահոս