Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի:
Պետական գնումների օրենքի՝ «մեկ անձ» ընթացակարգի տրամաբանությունը հետեւյալն է, օրինակ.
– եղել է ջրհեղեղ, եւ նավակներ ձեռք բերելու համար չկա մրցույթ անցկացնելու բավարար ժամանակ, հետեւաբար գնումը իրականացվում է հրատապ` «մեկ անձ»-ից։
– Շուկայում չկա նման ապրանք, այլ կազմակերպություն (օրինակ գազ, ջուր, այլ), հետեւաբար գնումը իրականացվում է «մեկ անձ»-ից։
Սակայն Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենեւին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված:
Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման` 15.11.2024 եւ ավիատոմսի ձեռքբերման` 21.11.2024 միջակայքում (լուսանկար 1, 2) 6 օր Ավինյանը ոչինչ չի արել, եւ քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար:
Եվ ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի:
Ինչո՞ւ, որովհետեւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ս/թ նոյեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 21-ը քաղաքապետ Ավինյանը արձակել է գնումների հանձնաժողովներ ձեւավորելու տասնյակ կարգադրություններ, սակայն, չգիտես ինչու, Լոս Անջելեսինը չկա (լուսանկար 3)։
Իսկ մինչ քաղաքապետ դառնալը նա երբեք բիզնես կլասով ԱՄՆ չի մեկնել. անգամ հայտնի բանավեճի օրը ասաց այդ մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի 14.01.2025-ին:
2
Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածուի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։ Ստացվում է, որ Ջուլհակյանը փայլուն կենսագրական տվյալներ չուներ, որպեսզի կարողանար հասնել նախարարի աթոռին, դրա համար իր թիմը մերժեց Ջուլհակյանի՝ նախարար դառնալու հեռանկարը, սակայն իրավաբանական ֆակուլտետում սովորելու մասին մեկ տողը նրան բերեց ՀՀ ամենաանկախ մամինը ձեւավորելու Հանձնաժողով։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը: Նա ո՛չ անշարժ գույք, ո՛չ շարժական գույք չի հայտարարագրել։ Համաձայն 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 մլն 292 հազար դրամ եւ 856 դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 2 մլն դրամով։ 2022 թվականին հայտարարագրված կանխիկ 9 հազար դոլարը 2023 թվականին նվազել է 2 հազար դոլարով՝ դառնալով 7 հազար դոլար։ Արուսյակ Ջուլհակյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, ինչը նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել է գրեթե 11 մլն դրամով։
3
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ այնտեղից գնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով։ ՔՊ-ում սա հերթական անգամ խոսակցությունների նոր առիթ է տվել, թե իրականում ինչու է Հասմիկ Հակոբյանը փոխել հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականներից մի քանիսը պատմեցին, որ խմբակցության ղեկավարության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ ՔՊ-ականները հարց են բարձրացրել՝ ինչպես է ստացվում, որ իրենց գործուղումների հերթ չի հասնում, բայց կան արտոնյալներ, որոնք աչք չեն բացում գործուղումներից, իսկ այդ արտոնյալներից մեկն էլ, ՔՊ-ականները պնդել են, որ հենց Հասմիկ Հակոբյանն է։ Պատճառն այն է, որ Հասմիկ Հակոբյանը, երբեմն չարաշահելով իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերմությունը, օգտագործելով նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ հարաբերությունները, առաջինն է տեղեկանում ԱԺ ուղարկվող հրավերների մասին, հետո որոշում՝ որ ձեւաչափին է ցանկանում մասնակցել, եւ ինչպես որոշում է, այդպես էլ լինում է: Դրա համար էլ նա է ամենահաճախը գործուղումների մեկնում, ինչը ակնհայտորեն խանդի տեսարաններ է սարքել ՔՊ խմբակցությունում, որտեղից էլ բողոքները հասել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Հասմիկ Հակոբյանն էլ իր մտերիմների շրջապատում անկեղծացել է՝ որպեսզի թիմում խոսակցությունները հանդարտվեն, եւ լեգալ բացատրություն լինի, պետք է փոխել հանձնաժողովը:
4
Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում են հարցումները տարբեր երկրներից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաեւ ԱՄՆ։ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Ավելին՝ լրացել էր նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան: Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։


























































































