ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի16-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հիշեցրել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակը պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգի ապահովումն է՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ գործնականում առաջացած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի ու խնդիրների լուծումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությանն առնչվող հարցերին անդրադարձել են նաեւ աշխատանքային քննարկման ձեւաչափով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:
Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ նախագծով սահմանվում են հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Պատգամավորները քննարկել են ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» հարցը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով պայմանագրի հիմնական նպատակն է թիրախային աջակցություն բազմաոլորտ ներդրումների միջոցով Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունության բարձրացումը, բնակչության կենսամակարդակի բարելավումը: Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ ջրամատակարարման, կրթական եւ առողջապահական:
Խոսելով ծրագրի հիմնական առաջնահերթություններից՝ զեկուցողը փաստել է, որ դրանք են որակյալ առողջապահական, բժշկական ծառայությունների զարգացումը, որակյալ կրթության հասանելիությունը, մասնագիտական կարողությունների ընդլայնումն ու ջրամատակարարման համակարգերի զարգացումը:
«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարելավել տնային տնտեսությունների, համայնքների կենսաապահովման միջոցների ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ընդլայնել տնտեսական գործունեության եւ զբաղվածության հնարավորությունները, ապահովել ջրամատակարարման համակարգերի կայունությունը եւ ամենակարեւորը՝ ապահովել բնակչության համար խմելու ջրի որակը»,- ընդգծել է Քրիստինե Ղալեչյանը:
Ծրագրի ներքո բոլոր գործողությունները կիրականացվեն ֆինանսական պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում:
Զեկուցողն անդրադարձել է նաեւ ֆինանսական պայմանագրի վարկավորման պայմաններին: Նշվել է, որ 50 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցները տրամադրվելու են մի քանի մասնաբաժիններով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար:
Զեկուցողը հիշեցրել է, որ 2024 թվականին Կառավարությունը հաստատել է բնակարանային աջակցության պետական ծրագիրը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար: «Ծրագիրը գործում է, ու շուրջ 1600 եւ ավելի ընտանիքներ արդեն ձեռք են բերել իրենց բնակարանը կամ տունը»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ ծրագրի շրջանակում 2200 ընտանիք ստացել է հավաստագիր եւ շուտով ձեռք կբերի իր բնակարանը: Նշվել է, որ քննարկվող ծրագիրն ուղղված է այդ միջոցների ֆիանսավորմանը:
Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
























