Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանի Սևանի տնակները քանդում են. դատախազի սիմվոլիկ արդարադատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Կառավարության վերջին նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունը հնչեց կտրուկ ու աներկբա․ Սևանա լճի տարածքում ապօրինի կառուցված մի շարք շինություններ պետք է հողին հավասարեցվեն՝ անկախ սեփականատիրոջ անունից ու քաղաքական անցյալից։

Խոսքը վերաբերում էր շինություններին, որոնք, ըստ հրապարակված տեղեկությունների, պատկանում են ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Այս հայտարարությունից օրեր անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Սևանա լճի տարածքում արձանագրեց կոնկրետ գործողություններ։ «Սևան» ազգային պարկի աշխատակիցները՝ պարկի տնօրեն Կարեն Մնացականյանի գլխավորությամբ, Գլխավոր դատախազի հրահանգով Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանի հսկողությամբ սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։

Սկիզբը դրվել է Սասուն Միքայելյանին պատկանող առափնյա մի քանի տնակներից։

Ի՞նչ է իրականում քանդվում․

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է մի պատկեր, որը դժվար է անվանել «ապօրինի կառուցապատում»․

• հիմնականում երկաթյա, ժանգոտ, տարիներով չօգտագործվող տնակներ,

• արտաքինով մետաղաջարդոնի հիշեցնող կառույցներ,

• ընդամենը 4 երկաթե տնակներ կան, որոնց վրա քարեր են ամրացված։

Ցուցադրական մաքրում՝ քաղաքական ուղերձով․

Մեծ հաշվով ստեղծված պատկերը շատ ավելի հիշեցնում է շոու, քան համակարգային պայքար ապօրինի կառուցապատումների դեմ։ Քանդվում են ոչ թե Սևանի էկոհամակարգին ամենամեծ վնաս հասցնող, այլ արդեն իսկ անպիտան, տարիներով լքված կառույցներ։

Հասկանալի է, որ սա արվում է՝ ասելու համար, թե անգամ ՔՊ հիմնադիրներին չեն խնայում: Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ՀԺ-ի, Սևանա լճում կան 3800 շենք-շինություններ՝ բազմահարկ, կապիտալ, բետոնե, որոնք ոչ միայն չեն ապամոնտաժվում, այլ տարիներ շարունակ անխոչընդոտ շահագործվում են։

ArmLur.am-ը փորձեց քանդման աշխատանքներին ներկա Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանից պարզել, թե ինչ է կատարվում, նա փախչեց և խուսափեց հարցերին պատասխանել:

Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանից, ով ոստիկանական ուժեր էր բերել և տեխնիկան էր ապահովել: Սակայն նա էլ կցկտուր ու վախվորած երկու բառ ասաց և հեռացավ։

Այսպիսով, Սևանա լճի ափին այօրվա գործողությունները կարելի է բնութագրել որպես սիմվոլիկ արդարադատություն․ քիչ ռիսկ, բարձր աղմուկ, տեսախցիկներ, բայց արդյունքը՝ ոչինչ։ Մինչդեռ Սևանի իրական փրկությունը պահանջում է ոչ թե հնամաշ տնակների ցուցադրական քանդում, այլ թվերով, անուններով և հասցեներով հստակ ռազմավարություն։ Սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական PR՝ նախընտրական Հայաստանում, թե Փաշինյանը անգամ իր թիմակցին չի խնայում։ Մեծ շոու:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս