Դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետ՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված՝պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի:
Մրցույթի արդյունքների հիման վրա՝ Ազգային պարկը 2007 թվականի հունվարի 9-ին ֆիզիկական անձի հետ կնքել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
Վերոնշյալ հողամասի որոշ հատվածների կառուցապատման իրավունքը2018-2020 թվականների ընթացում ձեռք է բերել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, ով մի շարք իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, նշված տարածքում իրականացրել է կառուցապատում:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ցուցումով Շողակաթ (ներկայումս՝ Ճամբարակ) համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության գործողությունը կասեցնելու մասին որոշման, ինչպես նաև հողամասում շինարարական աշխատանքների կատարման պայմաններում, նույն համայնքի ղեկավարը նույն տարածքում հանգստի գոտու նախագծման համար «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին 2021 թվականի մարտի 5-ին տվել է նոր նախագծման թույլտվություն՝ հողամասի վիճակը նշելով չկառուցապատված՝ միջին թեքություններով տարածք:
Նախագծման նոր թույլտվությամբ մշակված նախագծային փաստաթղթերի հիման վրա լիազոր մարմնի կողմից ստանալով պետական փորձաքննական դրական եզրակացություն, սակայնչունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, մասնավորապես՝ շինարարության թույլտվություն՝«Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Դրախտիկ գյուղի վարչական տարածքում կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասերից բացի, ընդհանուր 6182 քմ մակերեսով ինքնակամ կառուցապատումներ է իրականացրել նաև իրեն չպատկանող՝ Դրախտիկ, 1-ին փողոց 88/1/2 հասցեում գտնվող 0.2015 հա մակերեսով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասերում, որից 1588 քմ-ը՝ 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածում:
Վերոգրյալի հիման վրա՝ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված՝ ինքնակամ կառուցապատումների վերաբերյալ լիազորությունների շրջանակներում որոշում կայացնելու և այդ որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:






























