ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ հանդիպման ընթացքում նշել է.
«Չափազանց կարեւորում եմ ՄԱԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցությունը: Միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»:
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը:
Ռուստամ Բաքոյանի դիտարկմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կայուն, արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
Ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանձնաժողովի իրականացրած աշխատանքները՝ Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից 2018 թվականին ընդունված «Գյուղացիների եւ գյուղական վայրերում աշխատող այլ անձանց իրավունքների մասին» հռչակագրին, որի նպատակն է պաշտպանել գյուղացիների եւ գյուղական բնակավայրերում աշխատող այլ անձանց իրավունքները: «Հռչակագիրը կարեւոր քայլ է գյուղական համայնքների սոցիալական արդարության եւ կայուն զարգացման ապահովման գործում»,- նշել է Ռուստամ Բաքոյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ոլորտում եւս արդյունավետ համագործակցության նախադրյալներ կան: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի գործընկերների հետ պարբերաբար մարզեր են այցելում, որի ընթացքում բազմաթիվ մարզաբնակների բարձրացրած հարցեր են լուծվում:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին(UNSDCF)՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ այն լիովին արտացոլում է Հայաստանի զարգացման կարիքներն ու ակնկալիքները, ներառյալ՝ ՄԱԿ-ի աջակցությունը երկրի բարեփոխումների օրակարգին:
Ֆրանսուազ Ժակոբը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն օրենսդրական ոլորտում հսկայական աշխատանք է կատարել՝ արդիականացնելով օրենսդրությունը: Այս համատեքստում նա կարեւորել է ընդունված օրենսդրական փաթեթների կիրարկումը:
Ռուստամ Բաքոյանը խոսել է խաղաղության օրակարգի մասին՝ նշելով, որ այն Հայաստանի Կառավարության տեսլականի հիմքում է՝ վերափոխելու տարածաշրջանում հարաբերությունների մոդելը՝ առճակատումից դեպի համագործակցություն:
Հանձնաժողովի անդամներն իրենց խոսքում եւս ընդգծել են ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերին, համագործակցությանը վերաբերող հարցեր:
























