25 բարձրագույն ուսումնական հաստատություն Եկատերինբուրգում հիմնադրել են ՀԱՊԿ համալսարանական լիգան:
Ապրիլի 22-ին Եկատերինբուրգում ընթացող 5-րդ երիտասարդական տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի բուհերի ներկայացուցիչներ ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի հիմնադրման մասին համաձայնագիր: Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական եւ այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը:
Հիմնադիր ժողովին նախորդել էին մի շարք քննարկումներ, այդ թվում տեսակամուրջներ, որոնց ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները քննարկել են ձեւավորվող կառույցի խնդիրներն ու գործունեության բովանդակությունը: 2014 թ-ի փետրվարի 13-ին կայացած տեսակամուրջի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարեւորեց Լիգայի աշխատանքների գործնական նշանակությունը, նրա փորձագիտական ներուժը եւ աշխատանքներում ուսանողների եւ երիտասարդների ակտիվ մասնակցությունը:
Հիմնադիր նիստին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Համալսարանական լիգայի ձեւավորման նախաձեռնողներից մեկն է եւ միաժամանակ հանդիսանում է Լիգայի բարձրագույն խորհրդի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան իր խոսքում նշեց, որ ձեւավորված համալսարանական կազմավորումը կհանդիսանա կարեւոր փորձագիտական հարթակ, որի ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին:
Երեւանի պետական համալսարանը ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր ժողովին ներկայացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
ԵՊՀ պրոռեկտորի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ տարին կլինի Լիգայի կազմակերպչական խնդիրների լուծման եւ կայացման շրջան: Նախատեսվում է Լիգայի շրջանակներում ձեւավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական եւ այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն Լիգայի անդամ համալսարանների կողմից: