ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ չորս անչափահաս երեխա, բայց եւ որպես բազմազավակ մայր` ոչ մի գումար չեմ ստանում: Դիմել եմ մեր տարածքային սոցապ ծառայություն, պատասխանել են, որ չեմ կարող օգտվել նպաստից, քանի որ տանն աշխատող կա (ամուսինս աշխատում է ոստիկանությունում, ստանում է 90.000 դրամ): Հետաքրքիր է իմանալ` որպես բազմազավակ մայր` ինչո՞ւ չեմ կարող գոնե որոշակի գումար ստանալ:

Ծովինար Շտոյան, ք. Ջերմուկ, 31 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշմամբ 1999թ. հունվարի 1-ից հանվել են մինչ այդ հանրապետությունում գործող տարաբնույթ նպաստների եւ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների համակարգերը եւ անցում է կատարվել մեկ միասնական ընտանեկան նպաստի համակարգի: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում Ջերմուկ քաղաքի Ծ.Շտոյանի ընտանիքի վերջին փաստագրումը 2011 թվականի փետրվարին է, ըստ որի` ընտանիքի անապահովության միավորը 24,28 է: Ընտանիքը կազմված է վեց անդամից` ինքը, ամուսինը` Արսեն Բաբայանը, որն աշխատում է 94.000դր. աշխատավարձով, եւ չորս անչափահաս երեխաները:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից:  ՀՀ կառավարության 20.01.2011 թվականի «2011 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին»  N 17-Ն որոշմամբ` 2011 թվականին ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30,00 միավորը:
Ընտանիքի անապահովության վերը նշված որոշմամբ սահմանային միավորից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են օգտվել հրատապ օգնության իրավունքից, որը նշանակվում է 3 ամսով սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ: Սոցիալական ծառայությունների Ջերմուկի տարածքային բաժնի կողմից 2011թ-ի երրորդ եռամսյակին Ծ.Շտոյանի ընտանիքին նշանակվել է հրատապ օգնություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Աստղիկ Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ առնվազն 6 հոգուց բաղկացած ընտանիքը 90.000 դրամով չէր կարող գոյատեւել: Ուստի օգնությունը թեեւ հրատապ չի եղել, բայց հուսանք` որոշ չափով թեթեւացրել է բազմազավակ ընտանիքի հոգսը:




Լրահոս