Այսօր ժամը 11։00-ին Արթուր Չախոյանը ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր մուտքի մոտ, հրապարակային կարգով հաղորդում կներկայացնի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ և կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից։
«Հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝
441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
445-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու, ինչպես նաև փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու,
447-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու,
ինչպես նաև 448-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի և շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու արարքների հատկանիշների առկայությանը։
Իսկ առավել հստակ՝ եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա»,- գրել է բլոգերը։
Էմմա Միքայելյան






























