Armenian text to speach

Ալեն Սիմոնյանին Հունաստանում 160 հազար դրամ արժողությամբ հուշամեդալ են նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել էր Նիկիտաս Կակլամանիսի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդել էր ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպումից հետո, ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ԿԿՀ Նվերների ռեեստրից, Կակլամանիսը Ալեն Սիմոնյանին նվիրել էր 160 հազար 200 դրամ արժողությամբ Խորհրդարանի պատկերով հուշամեդալ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։

40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։

Էմմա Միքայելյան




Լրահոս