Որոշում է կայացվել կալանավորված ՔՊ պատգամավորի թեկնածու, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանի դեմ հարուցված քրեական գործով։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննությանն ավարտ է հայտարարել Արշակ Գևորգի Օրդուխանյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի նոյեմբերին, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված օրը ստեղծել և մինչև 2025թ. հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում Մանվել Հրաչի Մելիքյանի, Գեորգի Վարուժանի Թարվերդյանի հետ ղեկավարել է առնվազն երեք անձից բաղկացած կայուն և միավորված հանցավոր կազմակերպություն ինչպես նաև հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների և կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով, նրանց հետ համատեղ գործելով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:
Սույն քերական գործով մեղադրյալի աթոռին է նաև կին: Նազելի Հայկազի Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անդամակցել է Արշակ Օրդուխանյանի կողմից 2024 թվականի նոյեմբերին, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված օրը ստեղծված և մինչև 2025թ. հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում Արշակ Օրդուխանյանի, Մանվել Հրաչի Մելիքյանի և Գեորգի Թարվերդյանի կողմից ղեկավարվող առնվազն երեք անձից բաղկացած կայուն և միավորված հանցավոր կազմակերպությանը, ինչպես հանցավոր կազմակերպությանը անդամներ ներգրավելու միջոցով, նրանց հետ համատեղ գործելու, միմյանց գործողությունները փոխլրացնելու միջոցով նույն ժամանակահատվածում օժանդակել է հանցավոր կազմակերպության նպատակի՝ առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ կատարելուն:
Նկատենք, որ, ըստ մամուլի, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև ունեցել է գրավատուն և այլն, ինչպես նաև եղել է ՔՊ պատգամավորի թեկնածու






























