Փետրվարի 25-ին և 26-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է մեծ պրեմիերա՝ «Բլոկադա» ներկայացումը, որի պատմությունը ծավալվում է արցախյան բլոկադայի ժամանակաշրջանում։
Պատմության կենտրոնում արցախյան մի տուն է: Արցախցի ընտանիքին, ճակատագրի բերումով, հյուր է գալիս Երևանից մի ընտանիք, իսկ ավելի ուշ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է ամբողջ աշխարհից կտրված՝ գոյատևեն ու ապրեն մեկ տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան։
««Բլոկադա» ներկայացման սկզբնական գաղափարն առաջացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ, և մի գեղեցիկ օր ես և Արմենը մտքերի փոխանակման արդյունքում հասանք այն եզրակացությանը, որ արժե Արցախի բլոկադայի թեմայով ներկայացում անել: Քննարկեցինք նաև, թե ում հետ կյանքի կկոչենք գաղափարը, թե ով կարող է լավ սցենար գրել, ովքեր լավագույնս կմարմնավորեն հերոսներին… Արմենը հրավիրեց նաև մեր սիրելի Սոֆիա Ղուլյանին՝ որպես համապրոդյուսեր, ու սկսվեց ամեն ինչ»,-այսօր՝ դեկտեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ պատմեց ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը։
Սցենարիստ Անի Մաղաքյանը, որը հայտնի է հեռուստատեսային մի շարք նախագծերից, առաջին անգամ է թատրոնի պիես գրում։

«Շատ բարդ ու պատասխանատու թեմայի ենք մոտեցել: Երբ Արմենն ու Սեդրակն ինձ մոտ եկան այս առաջարկով, առաջինը վախն էր՝ որ հանկարծ սխալ մեսիջներ չփոխանցենք, բայց, փառք Աստծո, գաղափարը լավ մշակելու շնորհիվ, կարծում եմ՝ լավ արդյունք ենք ստացել: Ինձ համար բարդ է նաև, քանի որ սա լինելու է իմ առաջին պիեսը, որը բեմ կբարձրանա, և առնչվել թատրոնի հետ առաջին անգամ այսքան բարդ ու պատասխանատու թեմայով, իհարկե, շատ դժվար էր, բայց հուսով եմ՝ լավ աշխատանք ենք ստացել, ու փետրվարին արդեն հանդիսատեսը կկարողանա գնահատել այն»,-նշեց նա։
Անիի խոսքով՝ ներկայացման մեջ փորձելու են ցույց տալ և հույսը, և կյանքը շարունակելու ալտերնատիվ տարբերակները, որոնք ունենում են հերոսները։ «Իհարկե, կան ներկայացումներ, որոնք հարցեր են բարձրացնում, կան ներկայացումներ, որոնք պատասխաններ են տալիս․ մենք փորձել ենք անել և մեկը, և մյուսը: Ներկայացման կարևոր ասելիքն այն է, որ հայը՝ անկախ բնակության վայրից, անկախ բարբառից, իր մեջ տարրանջատում չպետք է դնի»,-շեշտեց Անին։
Սեդրակ Գոջամանյանը հավելում է՝ պիեսը փաստավավերագրություն չէ, բայց հիմնված է իրական դեպքերի վրա, որոնց տրվել են գեղարվեստական լուծումներ։

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։
«Հաճելի է նման թիմի հետ աշխատելը, միևնույն ժամանակ՝ բարդ, քանի որ թեման այնպիսին է, որ դրան պետք է շատ նուրբ դիպչել ու ճիշտ։ Այս թեման մեզ հետ է միշտ: Մենք ներկայացնում ենք ժամ ու կես տևող մի ամբողջ պատմություն, որի մեջ պետք է ապրել: Սեդրակի հետ առաջին անգամը չէ, որ աշխատում եմ, բայց առաջինն է նման ոճի մեջ, ինչը շատ պարտավորեցնող ու շատ պատասխանատու է»,-նշեց Վաչե Երիցյանը։
Բորիս Մելքոնյանը հավելեց՝ ուրախ է, որ այս ներկայացման մեջ իր ներդրումն է ունենալու։
«Անչափ շնորհակալ եմ, որ աշխատում եմ այս թիմի հետ: Նույնպես նշեմ, որ թեման շատ պարտավորեցնող ու պատասխանատու է, բայց նաև ուրախ եմ, որ ինքս էլ կկարողանամ իմ կերպարի միջոցով խոսել թեմայի մասին, որովհետև կարծում եմ՝ դրա շուրջ յուրաքանչյուրս էլ ունենք ասելիք: Ուրախ եմ, որ հարցեր ենք բարձրացնելու ու մեր պատմությունը հնարավորություն ենք ունենալու պատմելու մարդկանց»։
Դերասանուհի Էլեն Գևորգյանը համաձայն է խաընկերների հետ՝ նախագծում ընդգրկված լինելը և հաճելի է, և պարտավորեցնող։
«Ուրախ եմ, որ այս նախագծի մասն եմ կազմել: Հաճելի է, բայց միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող նման պրոֆեսիոնալների հետ աշխատելը: Աշխատանքը նաև բարդ է, քանի որ պատմությունն է ծանր»,-իր խոսքում ասաց նա։
Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, որն արմատներով Արցախից է, ընդգծեց, որ այս նախագիծն իր համար, պարզապես, աշխատանք չէ, այլ անձնական պատասխանատվություն: Նա նաև նշեց, որ Երևանյան պրեմիերայից հետո կունենան հյուրախաղեր՝ ինչպես Ռուսաստանում այնպես էլ ԱՄՆ-ում։
«Ուզում եմ նշել, որ մեր բացառիկ գործընկերը Աննա Կարապետյանն է, որը գտնվում է ԱՄՆ-ում, բայց միշտ աջակցում է Հայաստանի լավ նախագծերին, միշտ մեր կողքին է կանգնած»,-ասաց նա։
Հավելենք, որ ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, աֆիշայի դիզայներ՝ Արտեմ Ղարիբյան։ Հատուկ ներկայացման համար գրվելու է նաև սաունդթրեք՝ երգ, որը կունենա տեսահոլովակ։
Այդ ամենի մասին Սեդրակ Գոջամանյանը խոստացավ մանրամասնել ավելի ուշ։

























































































