Armenian text to speach

Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում․ վարորդը վիրավոր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդը կայանել է ավտոբուսը և իջել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը սուրճ գնելու ընթացքում նկատել է, որ ավտոբուսը հետընթաց է շարժվում՝ կոտրելով գազախողովակներ և հայտնվելով ձորակում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնք արդեն սկսել են վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքները։

Տեղում ավտոբուսի վարորդին օգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ապա նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով՝ վարորդը, նկատելով, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորակում, վազել է և փորձել մտնել ավտոբուսի մեջ՝ այն կանգնեցնելու նպատակով, սակայն ստացել է վնասվածքներ։ Այս պահին պարզվում է՝ վնասվածքները ստացել է ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակների հետ բախվելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում կազմվում են փաստաթղթեր, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։




Լրահոս