Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն: Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որևէ բան չի փոխվել, Մայր Աթոռը՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի միաբանության, շարունակում է իր առաքելությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հարցին՝ տեր Եսային ծանո՞թ է երեկ, տասը եպիսկոպոսների կողմից Վեհափառին փոխանցված նամակի բովանդակությանը, նա պատասխանել է.
«Ծանոթ չեմ, բայց կարող եմ ենթադրել մոտավորապես այդ նամակի բովանդակությունը: Եթե արձագանք լինի նամակին՝ պատշաճ կներկայացնենք»:
Նա խոսել է նաև Մայր Աթոռի գերագույն խորհրդի կազմի փոփոխության մասին, նշել, որ գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը։
«Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի Սրբազանը՝ Կիրակոս Սրբազանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են կախված աշխարհագրական դիրքից, նաև տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, այսինքն՝ Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր և այդ կարգավիճակով ինքը գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր, հիմա Կիրակոս Սրբազանն իրեն փոխարինեց»,-ասել է նա:






















































































