Ամանորը մոտենում է, իսկ պետական կառույցները՝ քաղաքապետարանը, համայնքապետարանները պետական ամանորյա գնումներ սկսել են կատարել դեռ հոկտեմբերից։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ Թալին համայնքի կարիքների համար համայնքապետարանը կնքել է 4 պայմանագիր նոյեմբեր ամսին։
Առաջին պայմանագրով ձեռք է բերվել Թալին համայնքի կարիքների համար արհեստական տոնածառի խաղալիքներ և լույսեր, որոնց համար կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 110 հազար դրամ։ Պայմանագիրը կնքվել է «ՄԿԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ։
Նշված պայմանագրով ձեռք է բերվել արհեստական տոնածառ 7-9 մետր երկարությամբ և տոնածառի խաղալիքներ։
«ՄԿԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պայմանագրում խաղալիքների համար հատկացվել է 237 հազար դրամ։ Խաղալիքների քանակն ըստ պայմանագրի կազմել է 250, որից 150-ը՝ 200մմ, իսկ 100-ը՝ 100մմ տրամագծով։
Վոլոդյա Վարդանյան Արայիկի ԱՁ-ի հետ համայնքապետարանը պայմանագիր է կնքել տոնածառի զարդարանքի պարագաների ձեռքբերման համար 204 հազար դրամ արժողությամբ։
Մեկ այլ պայմանագրով համայնքապետարանը «Մեծ Ծիածան» ՍՊԸ-ից ձեռք է բերել տոնաձառի լույս սպիտակ լարով, 50 մետր։
Համայնքապետարանը դեռ հոկտեմբերին պայմանագիր էր կնքել Արման Գաբրիելյան Վահանի ԱՁ-ի և ՎԱՆԴ ԳԱՍՍ ՍՊԸ-ի կոնսորցիումի հետ, որոնք համատեղ են մասնակցել։
15 միլիոն 499 հազար դրամ հատկացվել է ընկերություններին՝ ամանորյա տոնական ձևավորում իրականացնելու համար։
«Մշակույթի տան կենտրոնական հատվածում տեղադրել 2026թ ցուցադրող մետաղյա կարկասով 4 հատ թվեր, բարձրությունը՝ 1մ, լայնությունը՝ 50-ից 70սմ-ի միջակայքում, խորությունը՝ 15-ից 20սմ-ի միջակայքում: Մետաղյա կարկասը ընդգծվելու է ջրակայուն լեդ լույսերով։ Մշակույթի տան դիմաց պետք է տեղադրել բեմ մետաղական կոնստրկուցիա տելեսկոպիկ ոտքերով, ինպես նաև՝ մետաղական կոնստրուկցիա՝ 10×5մ (Ֆերմա), որի վրա փակցվելու է LED էկրան: Բեմի, ֆերմաների, ձայնային և լուսային տեխնիկայի սպասարկում: Ծառայություն մատուցողը պետք է ապահովի համերգի կազմակերպման տեխնիկական աշխատանքների ձեռքբերման շրջանակներում անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու սարքավորումների շահագործումը»,- նշված է ծառայությունների պայմանագրում։
Միջոցառումը պետք է անցկացնի հանրությանը հայտնի հաղորդավար՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով: Միջոցառմանը պետք է ելույթ ունենա մեկ ճանաչված երաժշտական բենդ՝ հանրության կողմից ճանաչված առնվազն 8 հայտնի երգիչ-երգչուհիներիով: Պետք է հրավիրվեն նաև 1 ձմեռ պապ, 1 ձյունանուշ և առնվազն 8 թեմատիկ հեքիաթային հերոսներ, որոնք պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ։ Բացի Թալին քաղաքից, 2 օր էլ միջոցառումներ կանցկացվեն Ներքին Բազմաբերդ, Մաստարա, Արագածավան գյուղերում։ Նաև հրավառություն կկազմակերպվի։
Հունվարի 13-ից հետո սարքավորումները պետք է ապամոնտաժվեն և տեղափոխվեն համայնքապետարանի պահեստարան։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























