«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։
«Մենք շատ ավելի մեծ թվով մարդկանց ու քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում։ Կարծում եմ՝ ճիշտ չի լինի հիմա անուններ հրապարակելը ու հանդիպումներից մանրամասներ հայտնելը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ ավելի ողջամիտ է գտնում այս իրավիճակում լռություն ու հանգստություն պահպանելը։ Կարապետյանցը հանդիպումներից միայն նշում է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես արժեհամակարգ կրող են, պատկերացում ունեն, թե ինչպիսի փոփոխված, զարգացած, անվտանգ Հայաստանում կարող են ապրել։ Մեր այն հարցին, թե քննարկում ունեցել են նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Կարապետյանցը չպատասխանեց։ «Միասնական թեկնածուի մասին առայժմ վաղ է խոսել։ Միայն կարող եմ ասել, որ «Նժար»-ի կողմից իմ թեկնածությունն են առաջարկել», – գաղտնազերծեց Կարապետյանցը։
Ինչպես հայտնի է, ընդդիմադիր դաշտում են դիրքավորված նաեւ «Մեր ձեւով» շարժումը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը թերեւս նույն ձեւաչափով կմասնակցի:
Թե էլ ինչ նոր ուժեր ի հայտ կգան, վաղ է ասել:
Մարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի
Իշխանության ներսում կադրային սովն ամեն անգամ ավելի ընդգծված է արտացոլվում, երբ ուսումնասիրում ենք պաշտոնյաների՝ իրենց հետ պաշտոնի բերած անձանց կենսագրությունը եւ ունեցվածքը:
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր օգնական, ապա խորհրդական, իսկ այժմ տեղակալ է նշանակել Ջանիկ Բազեյանին, ով մինչ քաղաքական դաշտում հայտնվելը 4 տարի՝ 2014-2018 թվականներին, աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «խոպանչի» է եղել:
2018 թվականից մինչեւ 2020 թվականը հարցական է, թե Բազեյանն ինչով է զբաղվել. կենսագրության այս 2 տարին բաց է թողնված։
2020 թվականից սկսվող կարիերայում Բազեյանը, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցնելով, վերադարձել է հայրենիք եւ միանգամից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում դարձել կոմիտեի նախագահի օգնական։
Իսկ այդ ժամանակ նախագահը ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանն էր։
2021 թվականին, երբ Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Ջանիկ Բազեյանը տեղափոխվեց մարզպետարանի աշխատակազմ՝ շուրջ երեք տարի աշխատելով որպես մարզպետի օգնական։ 2024 թվականին նա երկու ամսով անցավ խորհրդականի պաշտոնին, իսկ նույն տարվա մարտից նշանակվեց մարզպետի տեղակալ։ Բազեյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, սակայն կուսակցության անդամ չէ։
Ինչ վերաբերում է փոխմարզպետի ունեցվածքին, ապա նրա կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում նշված է, որ նա ունի հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Բազեյանը ծնունդով հենց Ջրվեժից է։ Հողամասերից երեքը նա նվիրատվություն է ստացել երեք անձանցից, որոնք, ըստ անվանումների, ամենայն հավանականությամբ իրեն հարազատ մարդիկ են։
2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։
2023 թվականի հայտարարագրում Բազեյանը նվիրատվություն ստացած միայն 2 հողամասն է հայտարարագրել, այնինչ պետք է հայտարարագրեր նվիրատվություն ստացած 3 հողամաս։
Բացի դրանից, նա հայտարարագրել է 4 գույք։
Անհամապատասխանություններն այնքան շատ են, որ խճճվել կարելի է։
Հաջորդ տարվա՝ 2024 թվականի հայտարարագրում գույքերը դարձել են 5-ը։
Մարզպետի օգնական դառնալուց մեկ տարի անց Բազեյանը ձեռք է բերել Nissan մակնիշի մեքենա, որն արժեցել է 3 մլն դրամ։
Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 197 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 950 հազար դրամ։
Բազեյանի հաշվետու տարվա միակ եկամուտը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված աշխատանքի վարձատրությունն է՝ 10 մլն 693 հազար դրամ։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 446 հազար դրամ, որից 26 մլն 97 հազար դրամը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Հարկ է նշել, որ նախորդ հայտարարագրի համաձայն՝ բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել էր 10 մլն 627 հազար դրամ։
3
Ինչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդու՝ Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ որոշում է կայացրել եւ վերջինիս նկատմամբ կիրառել վարչական տույժ։
Բանն այն է, որ հանձնաժողովը քննության է առել Infocom.am-ի՝ «Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագիր» վերտառությամբ հոդվածը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։
Հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի համապատասխան որոշմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Հանձնաժողովը ծանուցել է Հակոբ Շահգալդյանին՝ հրավիրելով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու վարչական իրավախախտման հիմքով արձանագրության կազմմանը, ինչպես նաեւ իրականացվող գործի քննությանը։ Սակայն Շահգալդյանը ոչ մի կերպ չի ներկայացել Հանձնաժողով։ Գործի քննությունն իրականացվել է նրա բացակայության պայմաններում։
Հանձնաժողովը համալիր կերպով ուսումնասիրել է գնումների գործընթացները՝ նշելով դրանց ծածկագրերը, եւ էական է համարել, որ 2025 թվականին նշված ընկերության հետ կնքված 3 պայմանագրերից 2-ի դեպքում շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հակոբ Շահգալդյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Հանձնաժողով, ինչը վկայում է , որ Շահգալդյանը գտել է, որ իր կողմից «Աշկար» ՍՊԸ-ի հետ կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կնքումը կարող է հանգեցնել շահերի բախման։
Այսպիսով՝ սույն գործով առկա փաստերի համադրման արդյունքում Հանձնաժողովը եզրահանգել է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ՝ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված՝ կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ։
Արդյունքում, հանձնաժողովը կատարված ուսումնասիրությունների հիման վրա որոշել է Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար ՀՀ դրամի չափով։
4
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով:
Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, եւ տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։
Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգեւորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թեւեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։
Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում:
Փաշինյանը չի ներելու նաեւ, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձեւավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ:
Մենք տեղեկացանք նաեւ, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգեւորականներն ու եպիսկոպոսները մի տեւական ժամանակ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչեւ կհասկանան իրենց անելիքները:
























