Armenian text to speach

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ 2 ՀՈՒՇԱՆՎԵՐ ՍՈՒՐ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին առցանց ձեւաչափով մասնակցելուց հետո ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար հատուկ նվեր է ուղարկվել Հայաստան։

 

Նվերն ուղարկվել է տրանսպորտային միջոցով, սույն թվականի հոկտեմբերի 21-ին։

Այն արժեցել է 60 հազար դրամ։ Նվերը եղել է կաշեպատ պատյաններով հուշանվեր 2 սուր։

Նվիրող կողմը եղել է Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Հաբիբուլլո Վոխիդզոդան։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանը վերաբերող, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել:

Մենք տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրկին ԱԺ է գալու՝ ներկայացնելու «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը պետք է ներկայացվի երկրորդ ընթերցման:

Բանն այն է, որ հայրենի կառավարության առաջարկով դեկտեմբերի 16-ին ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել, ու Ավանեսյանը պետք է այս նախագիծը եւս ներկայացնի երկրորդ ընթերցման համար:

Հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո նախագիծը կընդգրկվի ԱԺ օրակարգ: Նշենք, որ նախագծի հարակից զեկուցողը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանն է:

Հավելենք, որ ըստ նախագծի՝ առողջության ապահովագրության ներդրմամբ 2026 թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգում ներառվելու են 65+ տարիքի անձինք, եւ նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:

Ավանեսյանը ներկայացրել էր նաեւ, որ համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմաններն են.

  1. ՀՀ քաղաքացիություն,
  2. 183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն):

65 + տարիքի անձինք կստանան ապահովագրություն՝ անկախ նրանից՝

ա/ հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ,

բ/ աշխատում են եւ ունեն եկամուտ, թե ոչ,

գ/ քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ

դ/ սոցիալական որեւէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԲԱՔՈՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուստամ Բաքոյանը հրաժարվում է կատարել Դատարանի վճիռը։

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը իմ դիմումով նախաձեռնել է Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գործընթացը՝ քննության առարկա դարձնելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի վարքագիծը, որը դրսեւորվել է ոչ միայն Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների քննարկման ժամանակ դրսեւորած պահվածքով, այլեւ այդ կապակցությամբ Դատարանի կողմից կայացված օրինակ ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հանգամանքով, որի կապակցությամբ ես հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ Ազգային ժողովի երեք խմբակցություններին։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու էթիկայի հարցերով հանձնաժողովի ստեղծման գործընթացին»։

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երեւան մեկնելը։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։

Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակներում երկու հարեւանների միջեւ հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ։

Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները որակել է քաղաքակրթական եւ պատմական։

Նախքան Հայաստանում Իրանի դեսպան նշանակվելը Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների եւ ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։

 

 




Լրահոս