Լուսանկարը՝ համացանցից
Երեւանում տեղի կունենա լիբանանահայ հայտնի նկարիչ, այս յուրահատուկ կտավի հեղինակ Հրայր Դիարբեքիրյանի աշխատանքների ցուցադրությունը. այն կկրի «Արեւ» խորագիրը։
Ցուցահանդեսը կբացվի Latitude Art Space-ում (Աշտարակի մայրուղի 7/1)։ Նկարչի գործերը Երեւանում ցուցադրվելու են առաջին անգամ։
Ցուցահանդեսը կբացվի 2025 թվականի դեկտեմբերի 13-ին եւ կշարունակվի մինչեւ 2026 թվականի հունվարի 18-ը։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում Գրիգորյան կամ Լուսավորչական։ Գուցե պատճառը Գրիգորյան օրացո՞ւյցն է։
Լիլիթ Մանուչարյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչական չէ՛։ Եվ օրացույցն անվան հետ կապ չունի։ Հարցը ռուսների քաղաքականության մեջ է։
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա հիմնադիրներն են Քրիստոսի սուրբ Առաքյալները՝ Թադեոսն ու Բարթողիմեոսը, որ դեռ առաջին դարում Հայաստանում քրիստոնեություն էին քարոզել։ Արդեն այն ժամանակ Հայաստանում սկիզբ էին առել քրիստոնյաների առաջին համայնքները եւ տարածում գտել 2-3-րդ դարերում։ Այսպիսով, դեռ մինչեւ Ս. Լուսավորչի օրերը, հայերն ունեին հավատացյալներ, քահանաներ ու եպիսկոպոսներ։ Այդ մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ օտար պատմական աղբյուրները՝ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, ինչպես նաեւ Սեբեոսը, Տերտուղիանոսը, Տատիանոսը, Կեսարիայի եպիսկոպոս Փիրմիլիանոսը, Եվսեբիոս Կեսարացին, Դիոնիսիոս Աղեքսանդրացին եւ Օգոստինոս Երանելին։
19-րդ դարի առաջին կեսին, երբ Արեւելյան Հայաստանը միացվել էր Ռուսական կայսրությանը, 1836թ. կայսրական դիվանատունն ու Ռուս Ուղղափառ Եկեղեցին մշակեցին մի փաստաթուղթ, որ կոչվեց «Պոլոժենիե», կամ բառացի թարգմանությամբ՝ «Դրույթ Հայ Եկեղեցու մասին», որի համաձայն՝ Հայ Եկեղեցին կոչվում էր «Լուսավորչական»՝ ի պատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի առաջին մկրտիչ կաթողիկոսհայրապետի։ «Լուսավորչական» անվանումը 300 տարով կարճացնում էր Հայաստանի քրիստոնեական պատմությունը։ Ռուսները դա արել են հատուկ նպատակով, որպեսզի մեզ ուղղափառ չկոչեն, որպեսզի ցույց տան, թե իբրեւ թե հայերն առաքելական ժառանգություն չունեն եւ հավատն ընդունել են միայն Ս. Գրիգոր Լուսավորչից։ Սակայն եթե հետեւենք ժամանակի ռուսների տրամաբանությանը, ապա Ռուս Եկեղեցին պետք է անվանել Վլադիմիրական, քանզի նա էր «մկրտել» Ռուսիան։
Օրհնությամբ` Տ. Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր Եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ պատկանում է Հնագույն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ փաստաթղթերը ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Սահակ Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապոստիլով վավերացման ենթակա չեն՝
1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը,
2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:
Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր, առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
Վերը նշված փաստաթղթերի՝ ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:



















































































