Armenian text to speach

Սոթքում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել:

Մենք դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչ գործընթացներ են ընթանում:

 

-Մենք տեղեկություններ ունենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթքի փակ հանքում սկսել են սահմանազատում իրականացնել: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ, արդյոք սահմանազատման աշխատանքնե՞ր են այժմ իրականացվում:

-Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից:

-Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ:  Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում:

-Ո՛չ, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

-Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում:

-Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ եւ ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով:

 

 

 

 

2

Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ

 

Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։

Արցախի պաշտոնյաներից որեւէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց եւ այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։

Արցախի պաշտոնյաները նաեւ չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։

Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։

Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։

Փաստաբանը նաեւ նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։

Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ եւ մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում։

 

 

 

 

3

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում առայժմ ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը եւ բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։ Մնացածները կուլիսային աշխատանքների մեջ են կամ, լավագույն դեպքում, գրասենյակներ են հիմնում, բացում, վերաբացում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր տեղեկությունները, որ իրենք պարբերաբար հանդիպում-քննարկում են ունենում վերոնշյալ ուժերի հետ։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Բազմաթիվ մարդկանց հետ քննարկումներ ունենում ենք, որոնց մասին հանրայնացնում ենք:

Այն հարցին, թե ունեցել են հանդիպում «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Սաֆարյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ։

Անդրադառնալով համապետական ընտրություններին մասնակցելու եւ իրենց կողմից թեկնածու առաջադրելու հանգամանքին՝ Սաֆարյանը նշեց, որ առայժմ համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունեն։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 

4

Նաիրի համայնքի ղեկավարի եկամուտները 4 տարում 5 անգամ աճել են

 

Վերջին 26 տարիներին ղեկավարելով Եղվարդ, ապա Նաիրի համայնքները՝ ղեկավար Նորայր Սարգսյանը կարծես միլիոնատեր է դարձել։

Նախ նշենք, որ Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված են 8 բնակավայրեր՝ Նաիրի, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Պռոշյան եւ Քասախ։ 8 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, եւ այժմ էլ՝ խոշորացումից հետո, շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։

Այս տարիների ընթացքում համայնքի ղեկավարը դարձել է միլիոնատեր։ Մասնավորապես, Նորայր Սարգսյանի 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ այն գրեթե 8 միլիոնով նվազել է։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներկց պարզեց, որ Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, հողին ամրակցված 3 անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ «ժառանգության» կամ «գնման» եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության, ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։

Համայնքապետի կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 2 մլն դրամով՝ 29 մլն դրամից դառնալով 31 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 929 հազար դրամ, որից 6 մլն 607 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է։

Եկամտից 11 մլն 580 հազար դրամը 3 տարածքների վարձատրությունից ստացված եկամուտն է Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից եւ «Սմելլո» ընկերությունից։

Եկամուտներից 741 հազար դրամը ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից ստացված թոշակն է։

Նորայր Սարգսյանը, սակայն, թաքցրել է 6 մլն դրամ եկամտի աղբյուրը եւ տեսակը՝ գրելով՝ «այլ եկամուտ»։

Հարկ է նշել, որ համայնքապետ Նորայր Սարգսյանի  2021 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 4 մլն 735 հազար դրամ:

Ստացվում է, որ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 4 տարում աճել է 5,2 անգամ։

 

 

 

 




Լրահոս