Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Անտիֆեյք» ծրագրի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին Ազատության հրապարակում։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը զրուցեց «Անտիֆեյք»-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանի հետ։
-Տիկի՛ն Մաթեւոսյան, բացվա՞ծ են այցելությունները կալանավորված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի համար։ Եթե այո, խնդրում ենք պատմել, թե ինչ տրամադրություններ ունեն նրանք։
-Ես Նարեկ Սամսոնյանի փաստաբանն եմ, սակայն պետք է նշեմ, որ տեսակցությունները թույլատրվում են միայն փաստաբաններին եւ մոտ ազգականներին։ Պատկերացրեք՝ նրանք այն աստիճանի վտանգավոր հանցագործներ են, որ անգամ տեսակցությունները սահմանափակ են։ Ազգային ժողովի պատգամավորներն անգամ չեն կարող այցելել նրանց։
-Սա ինչի՞ մասին է խոսում։ Ինչո՞ւ են նույնիսկ պատգամավորների այցերը արգելված։
-Սա խոսում է պարզ մի իրողության մասին՝ նրանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով։ Սա քաղաքական հաշվեհարդար է։ Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկմտելու նրանց անվանում ենք քաղաքական բանտարկյալներ եւ խղճի հալածյալներ։ Նրանք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի համապատասխան բանաձեւում նշված քաղաքական բանտարկյալի բոլոր չափանիշներին։
Նրանց երկուսի տրամադրությունն էլ բարձր է։ Հալածանքները չեն տկարացնում նրանց՝ ընդհակառակը, ավելի են ուժեղացնում։ Մի քանի ամիս առաջ էլ կրկին կալանավորված էին, եւ սա արդեն հերթական կալանքն է՝ մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո։ Իրենց համար այս գործընթացը բացահայտ ծիծաղելի է։ Այլ բնորոշում դժվար է գտնել, քան՝ աբսուրդ, խայտառակություն։ Ահա թե ինչու մեր խորհրդանշական ակցիայի շրջանակում ունենք «աբսուրդի պատ», որտեղ մասնակիցներն ու անցորդները կարող են գրել իրենց կարծիքը Հայաստանում տեղի ունեցող աբսուրդային իրավիճակի մասին, որը ստեղծվել է քաղաքական բանտարկյալների շուրջ։
Այսօր մենք ունենք գրեթե հինգ տասնյակ քաղաքական բանտարկյալ։ Բնականաբար, այս հալածանքները ոչ մի կերպ չեն կարող կոտրել Նարեկին եւ Վազգենին։ Նրանք ավելի են ամրանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ռեժիմի ղեկավարը, իր գործողություններով ցույց է տալիս, որ արագ քայլերով մոտենում է բռնատիրական համակարգ հաստատելու նախերգանքին։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
Ո՞Վ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԱԾ ՀԱՅՐ ԱՍՈՂԻԿԸ
Իշխանության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ընթացող պայքարում առավել կոշտ գնահատականներով է հանդես գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Նա հրապարակային իր հստակ դիրքորոշումը ներկայացրել էր դեռ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Հանրային հեռուստաընկերությունը եթերում չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը։
«Ողորմելի եք եւ մեղկ դուք՝ բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ ու պատասխանատու անձեր», – այսպես էր արձագանքել Հայր Ասողիկը Հանրայինի քայլին՝ այն համարելով խիստ անպատշաճ։
Աբեղայի գնահատմամբ՝ նրանք վնաս են հասցնում քրիստոնյա Հայաստանի կյանքին. «Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի եւ նենգ, զրկվում եք որեւէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են Մայր Աթոռի Թանգարանների եւ Արխիվի դռները։
Ամոթ եւ պարսավանք Առաջին ալիքին, որ գոյություն ունեք նաեւ Ազգային Եկեղեցուց ստացվող հարկերով»,- նշել էր նա։
Հայր Ասողիկ աբեղան մինչ օրս պահպանել է իր սկզբունքայնությունը՝ հավատարիմ մնալով Մայր Աթոռին եւ Վեհափառ Հայրապետին։ Իշխանության այն բոլոր հայտարարություններին, թե իբր Կաթողիկոսը «ուխտադրուժ» է եւ պետք է «ազատել Վեհարանը», նա պատասխանել է հնազանդության, խոնարհության ու խոհեմության կոչերով՝ դիմելով հավատացյալ ժողովրդին շարունակել աղոթքը, որպեսզի Տիրոջ օժանդակությամբ եւ Հայոց Հայրապետի առաջնորդությամբ եկեղեցին շարունակի իր ազգաշեն ու հայրենանվեր առաքելությունը։
Մի քանի տվյալներ՝ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի մասին
Հայր Ասողիկը (ավազանի անունը՝ Արթուր) ծնվել է 1978 թվականին Երեւանում։ Սովորել է սկզբում Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում, ապա՝ Սուխումիի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։
1995 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարան։
2000 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի՝ ձեռնադրվել է սարկավագ։ Մեկ տարի անց ավարտել է ճեմարանը եւ ծառայության անցել Վեհարանում՝ նախ որպես դիվանադպետի քարտուղար, ապա՝ Վեհափառ Հայրապետի գործավար-քարտուղար։
2002 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի՝ ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
Ն. ԱՂԱՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ
Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել եւ քրեական հետապնդում էր սկսվել Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Նրան մեղադրում էին խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու եւ նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։
Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։
Մանուկյանն առաջադրված մեղադրանքը համարել է շինծու, չի ընդունել այն եւ իրեն մեղավոր չի ճանաչել։






























