Armenian text to speach

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն տրվեց որոշմանը, ըստ որի՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 39 մլն եվրո վարկ կհատկացնի Երեւանում լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով։

 

Որոշման հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ վարկային համաձայնագիրը կնքվել է 2025 թ. սեպտեմբերի 19-ին։ Այն նախատեսում է Երեւանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցում։

Բացի այդ, նախատեսվում է Հայաստանին տրամադրել նաեւ որոշակի գումար՝ ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունն ապահովելու համար, որը կհատկացվի որպես դրամաշնորհ։

Կառավարության համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որոնցից 7.8 մլն եվրոն վարկային միջոցներ են։

Ըստ հիմնավորման՝ վարկային միջոցներն ուղղվելու են Երեւանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի շինարարական աշխատանքներին, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների ապահովմանը։ Դրամաշնորհային միջոցները կուղղվեն շենքի շինարարությանը եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

ՊԵԿ-ը հայտնում է, որ ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման եւ արտահանման ողջ գործընթացը կկատարվի մեկ վայրում։ Գործընթացները հիմնված կլինեն էլեկտրոնային համակարգերի եւ ծրագրային լուծումների վրա։

Նման կենտրոններում միատեղ պետք է գործեն բոլոր պետական մարմինները եւ մասնավոր կառույցները, որոնք ներմուծման ու արտահանման համար տրամադրում են պահանջվող փաստաթղթերը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԻՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆՎԵՐԸ՝ Գ. ՊԱՊՈՅԱՆԻՆ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 19-21-ը ժամանել էր Հայաստան։ Պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը:

Պապոյանն այն պաշտոնյաներից է, որ ոչ միշտ է թանկարժեք նվերներ ստանում պաշտոնական հանդիպումներից կամ այցերից հետո։

Այս այցից հետո Գեւորգ Պապոյանը նվեր է ստացել պարսկական գորգ 151 հազար 600 դրամ արժեքով։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի նախագահի հետ, որից հետո Պապոյանը ստացել է 207 հազար դրամ արժեցող «Գելիմ Սոֆրեհ Կորդի»-ն հարթ հյուսված գոբելենային գորգ, որը ավանդաբար հյուսվում է Հյուսիսային եւ Ռազավ Խորասանի քուրդ կանանց կողմից։

Պապոյանը Իրանի առեւտրային պալատից ստացել է նաեւ պարսկական ձեռագործ «Սինաքարի» ոճի ծաղկամանի եւ ափսեի հավաքածու, որն արժեցել է 94 հազար 100 դրամ։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՎՐԱ

Դեկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Մոսկվայի վրա, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա հայտնել է, որ յոթ ժամից ավելի ժամանակահատվածում քաղաքին մոտենալիս ոչնչացվել է 36 անօդաչու սարք։ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Սակայն նա չի մանրամասնել, թե արդյոք հարձակման հետեւանքով կա՞ն զոհեր կամ վնասվե՞լ են ցամաքային կառույցները։

Անօդաչու սարքերի հարվածի ժամանակ Ռոսավիացիան (Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը) հայտարարել է Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ինքնաթիռների վայրէջքի եւ մեկնման սահմանափակումների մասին։ Հետաձգվել է գրեթե 200 չվերթ։ Մասնավորապես, «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է Շենժեն, Եկատերինբուրգ, Ուֆա, Մինսկ, Ստամբուլ, Չելյաբինսկ, Օմսկ եւ այլ քաղաքներ 53 չվերթ։

Եվս 55 չվերթ չեղարկվել է։ «Վնուկովոյում» կեսգիշերից հետաձգվել է 54 չվերթ, այդ թվում՝ Դուբայ, Շարմ էլ Շեյխ, Երեւան, Աստանա, Թբիլիսի եւ Եկատերինբուրգ չվերթերը։

Չեղարկվել է նաեւ ինը չվերթ՝ Ստամբուլ, Երեւան, Սանկտ Պետերբուրգ եւ այլ քաղաքներ։ «Դոմոդեդովոյում» գիշերը հետաձգվել է Հուրգադա, Բաքու, Ուֆա, Միներալնիե Վոդի եւ այլ քաղաքներ 17 չվերթ։ Չվերթերի ուշացման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ուղեւորները ստիպված են եղել քնել ճամբարային գորգերի, ստվարաթղթի եւ նստարանների վրա, հաղորդում է Shot-ը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը նույնպես չէր կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում, փոխարենը վայրէջք էր կատարել Սանկտ-Պետերբուրգում։

 

 

 

ՀՈՒՆԱՍՏԱՆ-ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հեռանկարները: Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջեւ փորձի եւ մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաեւ «Երեւանյան երկխոսություն» համաժողովի կարեւորությունը եւ այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները:

 




Լրահոս