Armenian text to speach

ԻՆՉ ԱՐԺԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորը Հայաստանում նշվում է տարբեր ձեւերով։ Շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ ընտանիքի հետ, իսկ մյուսները տոնական օրերը անցկացնում են հյուրանոցներում, հանգստյան տաներում կամ վիլլաներում՝ հատկապես մայրաքաղաքից հեռու։

 

ArmLur.am-ը ուսումնասիրել է Booking.com-ի առաջարկները եւ ներկայացնում է, թե ինչ արժեքներով կարելի է ամրագրել հյուրանոցային համարներ ու հյուրատներ Դիլիջանում  դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը։

 

White House Villa Դիլիջան

Դիլիջանում գտնվող այս վիլլայում 3 գիշերվա հանգիստը արժե 1 միլիոն 530 հազար դրամ։ Վիլլան համալրված է բացօթյա լողավազանով, գեղեցիկ տեսարանով, ինչպես նաեւ անվճար ինտերնետով։ Հասանելի են սաունա եւ ջակուզի։ Կա մասնավոր կայանատեղի։

Վիլլան ունի կահավորված խոհանոց, անձնական լոգարան, հողահարթակ (տեռաս)՝ լեռնային տեսարանով, հեռուստացույց։ Սրբիչներն ու անկողնային պարագաները տրամադրվում են հավելյալ վճարով։

 

Dilijan Villas Rest & Relax

Այստեղ 3 գիշերվա արժեքը կազմում է 1 միլիոն 214 հազար դրամ։ Յուրաքանչյուր վիլլա հագեցած է ջեռոցով, միկրոալիքային վառարանով, սուրճի մեքենայով, որոշներն էլ՝ ամբողջությամբ կահավորված խոհանոցով։ Առաջարկվում է մայրցամաքային կամ անգլիական նախաճաշ։

Ամենամատչելի հյուրատները սկսվում են 44 հազար դրամից՝ 3 գիշեր։

 

Hostel La Casa Dilijan

3 գիշերվա արժեքը՝ 45 հազար դրամ։ Ունի ընդհանուր հյուրասենյակ եւ անվճար ինտերնետ։ Որոշ համարներից բացվում է քաղաքի տեսարան։

Դիլիջանում ամանորյա հանգստի ամեն մատչելի լուծումը անհատական տների կամ քոթեջների վարձակալությունն է, որի արժեքը սկսվում է 45 հազար դրամից։ Գոյություն ունեն նաեւ հյուրատներ, որտեղ դեկտեմբերի 30-հունվարի 2-ի բնակեցման արժեքը կազմում է 100-130 հազար դրամ։

 

Green Dilijan B&B

Առաջարկում է 3 գիշերվա հանգիստ ընդամենը 44 հազար դրամով։ Հյուրատունն ունի այգի, ընդհանուր օգտագործման հյուրասենյակ,  հողահարթակ (տեռաս) անվճար ինտերնետով եւ կայանատեղիով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին մեր թղթակիցը դիմել է  տեղեկատվական հարցմամբ՝ հետաքրքրվելով. «Տավուշի մարզում գործում է 25 աղբավայր։ Դրանցից քանի՞սն են համապատասխանում բնապահպանական օրենսդրության պահանջներին, եւ յուրաքանչյուրում ինչպիսի՞ խախտումներ են առկա։

Մասնավորապես՝ Դիլիջանի համայնքային աղբավայրը չունի ցանկապատ, տարածքում անարգել արածում են կովեր, որոնք սնվում են տարբեր քիմիական նյութերով։ Աղբավայրը հաճախ է բռնկվում, ինչը վնասում է բնությունը։

Խնդրում եմ հայտնել՝ Ձեր ղեկավարած տեսչությունը վերջին անգամ ե՞րբ է ուսումնասիրել Դիլիջանի աղբավայրի վիճակը եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել»։

Դեկտեմբերի 2-ին ստացել ենք պատասխան տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ. Գալոյանի ստորագրությամբ, որտեղ նշվում է հետեւյալը.

«Տավուշի մարզում հաշվառված 25 աղբավայրից գործում են 18-ը՝ ըստ համայնքների՝

l Իջեւան՝ 7,

l Դիլիջան՝ 1,

l Նոյեմբերյան՝ 4,

l Բերդ՝ 6։

2025 թվականի 4-րդ եռամսյակում «Նոյեմբերյան համայնքի համայնքային տնտեսություն սպասարկող» ՀՈԱԿ-ում նախատեսվում է պլանային ստուգում (4 աղբավայր)։ Մյուս աղբավայրերի համապատասխանությունը՝ ինչպես ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 4-ի N27-Ն որոշմամբ սահմանված նվազագույն նորմերին, այնպես էլ բնապահպանական օրենսդրությանը, կստուգվի հաջորդ տարիների վերահսկողական միջոցառումների ընթացքում։

Դիլիջանի աղբավայրը սպասարկող «Դիլիջանի համայնքի կոմունալ սպասարկում եւ լուսավորություն» ՀՈԱԿ-ում վերջին ստուգումը իրականացվել է 2021 թվականին, որի արդյունքում կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Վերջին ամիսներին Դիլիջանի աղբավայրում գրանցված 7 հրդեհներից 2-ի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ 5-ը՝ Տավուշի մարզպետարան՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Փաստորեն, Դիլիջանի աղբավայրում վերջին ամիսներին բռնկված 7 հրդեհի պայմաններում տեսչական մարմինը վերջին անգամ ստուգում է իրականացրել դեռեւս 2021-ին։ Հաշվի առնելով աղբավայրերի տեւական անբավարար վիճակը եւ կրկնվող հրդեհները՝  տեսչական մարմինը պետք է գործի ավելի արագ ու հետեւողական՝ ապահովելով աղբավայրերի պատշաճ վերահսկում եւ բնության պահպանություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս