Եկեղեցու դեմ ուղղված իշխանական բոյկոտն ըստ ամենայնի բազմիցս ապացուցվել է, որ սկսվել է դեռ վաղուց՝ 1-2 տարի առաջ, սակայն զարգացում ունեցել է վերջին ամիսներին։
Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։
Ասել է թե՝ փորձում էին եկեղեցուն էլ ներքաշել հպարտ հարկատուների ցանկում՝ չիմանալով, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաեւ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։
«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին» 2025 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը՝ վճարելով 524 մլն դրամ հարկ։
Իսկ, ահա, նախորդած չորս տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են.
– 2020 թվականին 378 մլն դրամ,
– 2021 թվականին 403 մլն դրամ,
– 2022 թվականին 450 մլն դրամ,
– 2023 թվականին 435 մլն դրամ։
Արձանագրենք, որ եկեղեցու վճարած հարկերն ամեն տարի ավելանում են, ոչ թե նվազում: Սակայն, սրան զուգահեռ, ավելանում են ճնշումները եկեղեցու եւ եկեղեցականների դեմ, ինչպես նաեւ պետական պարտքը:
2
Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում
Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադե քահանան, շարունակում է Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել եւ եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Թախմազյանը։
«Այս կիրակի Բազմաբերդի եկեղեցում, որտեղ ես մինչ այս էլ հոգեւոր ծառայություն էի իրականացնում, պատրաստվում եմ կիրակնօրյա պատարագ մատուցել։ Անցած կիրակի էլ եմ ես մատուցել եւ ասեմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս իմ պատարագներին»,- ասաց Թախմազյանը։
Նրա՝ կարգալույծ հռչակվելուց անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Թախմազյանի հետ։ Վերջինս նշել էր, որ իր համար անսպասելի էր Մայր Աթոռի որոշումը։ Մեր այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալ, ինչպես արեց Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, Թախմազյանը խուսափեց պատասխանելուց` ասելով, որ առայժմ չգիտի՝ ինչ է անելու։
Թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու «պատարագ» մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը, առայժմ չենք կարող ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորեւ ներկայացված հիմնավորումներով՝ առ այն, որ Թադե քահանան՝
ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց եւ, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,
դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսեւորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այժմ դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
3
Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, որը «զավթել է» նախագահի պաշտոնը, նախորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) մեծ գումարներ է ստացել։
Նշենք, որ Մարիամ Գալստյանը, շրջանցելով օրենքը, որում ասվում է՝« նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը», «զավթել է» վերոնշյալ պաշտոնը. նա ավագ անդամ չէ:
Իսկ ի՞ նչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պաշտոնյաների հայտարարագրերն ու բարեվարքությունն ուսումնասիրող կառույցի ղեկավարը՝ ինքը Մարիամ Գալստյանը։
Ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 1995 թվականից բաժնային մասով բնակարան ունի Երեւանում։
Տրանսպորտային միջոցներ Գալստյանը չի հայտարարագրել։
Մ. Գալստյանը, կարծես թե, գաղտնի միլիոնատեր է. նա հայտարարագրել է 15 մլն բանկային ավանդներ։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 969 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 75 եվրո, 1, 220 ԱՄՆ դոլար։
Մարիամ Գալստյանի տարեկան եկամուտները կազմել են 41 մլն 605 հազար դրամ, որից 16 մլն 826 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, 18 մլն 269 հազար դրամը վարկ է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից, 31 հազար 500 դրամն էլ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնից» ստացված Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։
Եկամուտներից 16 հազար 320 հազար դրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելությունից է ստացված։
Մեկ այլ կետով՝ Գալստյանը նույն գումարը հայտարարագրել է որպես «ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար»։
Մարիամ Գալստյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 122 հազար դրամ, որը վկայում է, որ նա նոր բնակարան է ձեռք բերել նախորդ տարի։
Հարկ է նշել, որ հենց Մարիամ Գալստյանի թեթեւ ձեռքով է, որ Ազգային ժողովը նախորդ նիստում չկարողացավ ընտրել Հանձնաժողովի անդամի: Այս մասին անդրադարձել էինք նախորդիվ https://armlur.am/1525552/ ։
Ինքը՝ Գալստյանը, 2023 թվականից պաշտոնավարելով՝ չի ընտրվում որպես Հանձնաժողովի նախագահ, քանի որ, ըստ ամենայնի, իշխանության սրտով չէ։
4
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություն են փոխանցել այն մասին, որ «Հայաքվե» հասարակական-քաղաքացիական միավորումը ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ «Հայաքվե»-ն պատրաստվում է միավորվել նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանին։
««Հայաքվե»-ն ինչ-որ մեկի հետ չի միավորվում, եւ ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ են։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ընդդիմության դաշտում արդյունավետ համախմբման գնալ, նախընտրական դաշինք ձեւավորել, ինչի շրջանակներում տարբեր ուժերի հետ, որոնց մենք դիտարկում ենք, կոնտակտներ եղել են, կան»,- ասաց «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նաեւ հայտնեց, որ երբ միավորման դաշինք ստեղծելու գաղափարը պարզ կլինի արդեն, ապա հանդես կգան հայտարարությամբ եւ կտեղեկացնեն հանրությանը։
Հարցին՝ ո՞ր ուժերի հետ են պարբերաբար հանդիպումներ ունենում, ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության գալիս, եւ ունե՞ն արդյոք միասնական թեկնածու, թե ոչ՝ Սողոմոնյանը նշեց, թե առայժմ վաղ է խոսել այդ մասին։
Նշենք, որ 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում բավականին ակտիվ են գործում Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող «Հայաստան» դաշինքը եւ բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։ Համապետական ընտրություններին ընդառաջ, կարծես թե, ակտիվ են նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ուժերը, սակայն նրանք իրենց համատեղ ծրագրերի եւ համաձայնությունների մասին առայժմ չեն բարձրաձայնում։























