Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Երեկ «դատավարության» եզրափակիչ փուլի մի մասն էր։
Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները. այնտեղ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձեւականորեն խնդրել են արդարացում։
Այնուհետեւ ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը՝ Դավիթ Մանուկյանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը հանդես եկան վերջին խոսքով՝ հայտարարելով, որ որեւէ հանցագործություն չեն կատարել: «Նիստը» ընդմիջվեց, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը այս համատեքստում զրուցել էր «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ: Նա հայտնել էր, որ այս տարվա սեպտեմբերից Կարմիր խաչը այլեւս ներկայություն չունի Ադրբեջանում։ Մասնավորապես տիկին Սահակյանին հարցեր ուղղեցինք գերիների առողջական վիճակի, նրանց եւ հարազատների միջեւ կապի հնարավորության մասին։
-Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման մասին լուրերը հաստատվեցին։ Այժմ ինչպե՞ս է կազմակերպվելու հայ գերիների եւ նրանց ընտանիքների միջեւ կապը։
-Այս պահին առկա է միայն հեռախոսային կապ, որը ապահովում է ադրբեջանական կողմը՝ իր քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջոցով։ Սակայն նամակագրությունը, փոխանցումները, ինչպես նաեւ հանձնուքներ ուղարկելու հնարավորությունը, որոնք նախկինում իրականացվում էին Կարմիր խաչի միջոցով, լիովին բացառվել են։
Ամենակարեւոր խնդիրը այն է, որ գերիներն այսօր զրկված են արտաքին աշխարհի հետ անմիջական շփումներից: Միջազգային վերահսկողությունը նրանց պայմանների, հոգեբանական վիճակի, հիգիենիկ պայմանների, սննդի եւ այլնի վերաբերյալ ուղղակի բացակայում է. սա մեծ ռիսկեր է ստեղծում: Եթե գերիները խոշտանգվեն կամ բռնության ենթարկվեն, այդ բոլոր դեպքերը կմնան չբացահայտված ու չպատժված։
-Այժմ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունե՞ք։
-Վերջին ստուգելի տեղեկությունները Վիգեն Էուլջեքջյանի մասին են։ Հեռախոսազանգի ընթացքում նա կնոջը հայտնել էր իր ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Քանի որ խոսակցությունը ձայնագրվել էր, տեղեկատվությունը ստուգելի էր։ Նա հայտնել էր, որ զրկված է սննդից, առողջական վիճակը ծանր է, ձեռք է բերել հաշմանդամություն, իսկ համապատասխան պայմաններ կամ անհրաժեշտ սարքավորումներ պարզապես ստեղծված չեն։
-ՄԻԵԴ-ն ամիսներ առաջ որոշում էր կայացրել տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը։
-ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ թե՛ միջպետական, թե՛ անհատական գործերով։ Ադրբեջանը խնդրել է ժամկետի երկարաձգում, դատարանը լրացուցիչ ժամանակ է տվել, որը արդեն սպառվել է։ Մինչ այս պահը որեւէ տեղեկություն չենք ստացել եւ սպասում ենք դատարանի նամակագրությանը։
-Ակնկալո՞ւմ եք, որ Ադրբեջանը կներկայացնի այդ տվյալները, թե՞ կրկին կձգձգի գործընթացը։
-Կարծում եմ՝ նրանք կփորձեն որքան հնարավոր է երկար ձգձգել, բայց վերջում, հավանաբար, կտրամադրեն նվազագույն տեղեկատվություն՝ պարզապես ՄԻԵԴ-ի պահանջը ձեւականորեն կատարելու համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ տեղեկությունները հաճախ կեղծված են։ Ադրբեջանը կազմակերպում է միայն անունով «զննություններ», որոնցով փորձում է ներկայացնել, թե գերիների առողջական վիճակը նորմալ է, մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՎԱԾ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգեւորականները հավակնում են խլել իրենց հացը՝ ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով: Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը: Ի դեպ, Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում է. անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով: Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել:























