2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում Թադեւոս Հովակիմյանը 1 օրում 4 անձի սպանեց։ Հոկտեմբերի 12-ին նա գնացել է Արամուս գյուղի դաշտ ու սպանել Արմենուհի եւ Գագարին Ղազարյաններին։ 61-ամյա Թադեւոսը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։ Մինչ իրավապահ համակարգը դեպքի վայրում գործողություններ էր իրականացրել ու փորձում էր հասկանալ՝ ինչ է եղել, ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երեւանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել էին։
Աղմկահարույց սպանություններից 2 ամիս անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Արամուսում է։ Սպանված Արմենուհի եւ Գագարին Ղազարյանների քույրերը, եղբայրները, հարազատները ոտքի են կանգնել եւ արդարություն են պահանջում:
Սպանվածի հարազատներին տեղեկություններ են հասել, որ չորս մարդու կյանք խլած Թադեւոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։
Ինչու՞ Արամուսի դաշտում սպանեցին ամուսիններին, տարիներ առաջվա ի՞նչ խնդիր էին ունեցել հարեւանները։
Սպանված Գագարին Ղազարյանի քույրերը, խնամիները խիստ վրդովված են ու կասկածներ ունեն, թե ինչու կամ ինչպես չորս մարդու կյանք խլած Թադեւոս Հովակիմյանը անմեղսունակ է ճանաչվել ու կարող է խուսափել պատասխանատվությունից։
Գյուղի բնակիչներն ArmLur.am-ին պատմեցին, որ Թադեւոսը որեւէ մեկի հետ չի շփվել, քանի որ մարդիկ վախեցել են, թե իրավապահների ձեռքը կընկնեն։
ArmLur.am-ի նկարահանող խումբը գնաց 4 մարդու սպանության գործով մեղադրվող Թադեւոս Հովակիմյանի տուն, սակայն տան դռները փակ էին։
Մեր նկարահանող խումբը շտապեց 4 անձի սպանության համար մեղադրվողի եղբոր տուն՝ հասկանալու համար՝ արդյոք նա առողջական խնդիրնե՞ր է ունեցել, ո՞ր հիմքով կարող են նրան պատասխանատվությունից ազատել ու, դեռ ավելին, ի՞նչ կապ ունի նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Համայնքում խիստ մտահոգված են, թե ինչու Արամուս գյուղի գյուղապետ Ստեփան Հակոբյանը մի օր չբացեց սպանված ամուսինների տան դուռը եւ այնտեղ միայնակ մնացած որդու որպիսությունից չհետաքրքրվեց. ինչի՞ց է արդյոք կաշկանդված: Սակայն համայնքապետարանում վստահեցրին, թե գյուղապետը տեղում չէ, իսկ հեռախոսը անջատված էր։
Ի վերջո ՀՀ քննչական կոմիտեից փորձեցինք պարզել, թե արդյոք 1 օրում 4 անձի սպանության գործով մեղադրյալ Թադեւոս Հովակիմյանը անմեղսունակ է ճանաչվել եւ արդյոք կարո՞ղ է խուսափել պատասխանատվությունից։ Ի պատասխան՝ կոմիտեից հորդորեցին դիմել գրավոր։
Կսպասենք Կոմիտեի պատասխանին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ
Հանրապետությունում դեկտեմբերի 11-ից 12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության։
Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու եւ այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՊԾ Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1:15-ին, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ձերբակալել եւ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ եւ փամփուշտներ։
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:



















































































