Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայ գեղանկարչության կարեւոր դեմքերից մեկի՝ Հակոբ Կոջոյանի ծննդյան 142-րդ տարին է լրանում։ Ախալցխայում՝ ոսկերչի ընտանիքում ծնված Կոջոյանը իր առաջին գեղարվեստական զգացողությունները հենց այս միջավայրում է ձեռք բերել։ 1900-ին ավարտելով Վլադիկավկազի քաղաքային վարժարանը՝ նա մեկնեց Մոսկվա, որտեղ սովորեց Պրուսովի արվեստանոցում եւ յուրացրեց փորագրության ձեւավարումը։ Շարունակելով կրթությունը՝ 1905–1907 թթ. նա ուսանեց Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, հետո տեղափոխվեց Փարիզ՝ մասնագիտական հմտությունները խորացնելու համար։
Կոջոյանն իսկապես ունեցավ մասնագիտական փայլուն ու հետաքրքիր կյանք։ 1918-ին Կոջոյանը հաստատվեց Հայաստանում եւ նույն տարում միացավ Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբին՝ մասնակցելով Անիի պեղումներին։ Անիում տեսածը խոր ազդեցություն թողեց նրա վրա, եւ այդ տպավորությունների արտահայտություններից մեկը դարձավ «Անիի ավերակները» (1919) աշխատանքը։ 1918-1920 թթ. նա շարունակ մասնակցեց Անիի հնագիտական խմբի աշխատանքներին՝ ամրապնդելով պատմական միջավայրի եւ արվեստի իր ներքին կապը։
Կոջոյանի արվեստին բնորոշ են նուրբ գեղարվեստական լուծումները, մաքուր գծագրական մտածողությունը եւ ինքնատիպ ոճը, որը, առանց կրկնօրինակելու միջնադարյան զարդարվեստը, այն վերաիմաստավորում էր ժամանակակից պահանջների շրջանակում։ Նա կարողացավ հայկական գրաֆիկան ներկայացնել նոր շնչով՝ միաժամանակ պահպանելով ազգային անբնականորեն չընդգծված, բայց մշտապես զգալի ներկայությունը։
Հակոբ Կոջոյանի համար արվեստ ստեղծելը շարունակություն էր՝ անցյալից դեպի ներկա։ Կոջոյանը չէր սահմանափակվում մեկ ոլորտով. գրաֆիկայի պարզությունը եւ գունանկարչության հավասարակշռությունը նրա ստեղծագործություններում հանդես էին գալիս որպես նույն մտածողության տարբեր արտահայտություններ։
1920-ականներին Կոջոյանը ստեղծեց իր հայտնի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքը, որը դարձավ նրա ամենաճանաչված գործերից մեկը։ Գրքային գրաֆիկայի ոլորտում նա շարունակեց ակտիվ ստեղծագործել՝ պատկերազարդելով ինչպես ժողովրդական հեքիաթներ, այնպես էլ ժամանակակից գրականություն։ Տարբեր տարիներին նրա ձեռքով ձեւավորվեցին Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլը», Հովհաննես Թումանյանի «Գիքորը» եւ «Տերն ու ծառան», Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», Ակսել Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը», Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ եւ լեգենդներ» եւ այլ հրատարակություններ։
1934-ին նրա աշխատանքները ներկայացվեցին Մոսկվայում՝ խորհրդային գրողների առաջին համագումարի ցուցահանդեսում, ինչը նրան բերեց լայն ճանաչում։ Հետագայում դրանք ցուցադրվեցին Լոնդոնում, Ֆիլադելֆիայում, Դանցիգում եւ այլ քաղաքներում։
Այսօր Կոջոյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Կիեւի Ռուսական արվեստի թանգարանում, ինչպես նաեւ Երեւանում գործող տուն-թանգարանում, որը բացվել է 1973 թվականին։ Նրա գործերը շարունակում են հետաքրքրել եւ ներշնչել արվեստասերներին՝ պահպանելով այն յուրահատուկ լեզուն, որը միաժամանակ պարզ է եւ համահունչ՝ օժտված յուրահատուկ շքեղությամբ։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լ.ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՐԼՍԵՆԻՆ
Լեւոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
ՄԵՍՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՐ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
«Ինտեր Մայամիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հնդկաստանում կբացի իր արձանը։
38-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում կլինի եռօրյա այցով։ Մի շարք միջոցառումներ կանցկացվեն Կալկաթայում, Հայդարաբադում, Մումբայում եւ Դելիում։ Նրան կմիանան Լուիս Սուարեսը եւ Ռոդրիգո Դե Պոլը։
Կալկաթայում Մեսսին կբացի իր արձանը: Հուշարձանն ունի ավելի քան 21 մետր բարձրություն։ Երկրպագուները կկարողանան այցելել նաեւ արգենտինացու երկրպագուների գոտի, որտեղ տեղադրված է ֆուտբոլիստի՝ գահին նստած, բնական չափերի քանդակը։ Սենյակը զարդարված է նրա գավաթների կրկնօրինակներով։























