«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով:
Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով. չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչեւ տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու մասին իր հայտարարությունից ժամեր հետո: Ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է «սարքել», հետո SMS հրահանգով երկու ամսով կալանավորեցին ու մինչ օրս բարերարը գտնվում է կալանքի տակ:
2
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։
Դատարան ներկայացված հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող «WALTHER» (P-22, N G 002448, Գերմանիայի արտադրության), «BERETTA-92» մոդելի (9×19 մմ, А142740Z համարի) եւ «GLOCK 42» մոդելի (9×17 մմ, AFAB987 համարի) զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց (մալելուց)։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված եւ որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը։
3
Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու պահանջին է միացել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգեւորականները` եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, հանդիպում-քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այդ հանդիպում-քննարկմանը ներկա է գտնվել Վրթանես սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլեւ, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում` հարազատների միջեւ։ Այս դեպքից հետո, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, սրբազանի քույրերը խզել են իրենց կապերը հարազատ եղբոր հետ։ Նշենք, որ Վրթանես Սրբազանի քույրերից մեկի որդին էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արցախի թեմի առաջնորդի այս կեցվածքը մեծ ցասում ու զայրույթ է առաջացրել արցախահայության շրջանում։ Նրանք նշում են, որ Թեմի առաջնորդը շրջափակման ժամանակ իրենց կողքին` Արցախում չի եղել, բայց ժողովուրդն աչք էր փակել այդ ամենի վրա` հարգելով այն փաստը, որ Վրթանես սրբազանն իրենց հոգեւոր առաջնորդն է, սակայն այս հանդիպումից հետո այլեւս աչք փակել չեն կարող։
«Կանգնե՞լ մի մարդու կողքին ով խմել է մեր որդիների արյունը, մեզ անհայրենիք ու անգերեզման թողել… Ինչպե՞ս կարելի է։ Սա աբսուրդ է։ Սա մենք ներել չենք կարող»,- ասում է մի արցախցի։
Նշենք, որ Արցախի թեմի թեմական խորհուրդը հանդիպման հաջորդ օրը միանգամից հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ հանդիպման մասին իրենք տեղյակ չեն եղել, եւ որ չեն կիսում Վրթանես սրբազանի մոտեցումները։ Այս ընթացքում Արցախի իշխանությունից շատերն են փորձել հանդիպում ունենալ սրբազանի հետ՝ հասկանալու, թե որն է եղել պատճառը։ Ինչպես հայտնի է մեզ, Վրթանես սրբազանն ընդունել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանին եւ թեմական խորհրդից մի քանի անձանց, սակայն իրական պատճառի մասին նրանց չի հայտնել։
Ներքին խոսակցություններ էլ կան նաեւ այն մասին, որ Վրթանես Սրբազանը ՀՀ ՊՆ-ի կողմից բնակարանն էր նվեր ստացել, եւ հնարավոր է՝ այն չկորցնելու համար անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։
Դեկտեմբերի 15-ին էլ Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ միասնաբար հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին, եւ խնդրել են փոխել Արցախի թեմի առաջնորդին։
4
Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է
ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։
ՀԿ-ն Կրոնի եւ Հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն է։
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Կայքում հերթով հրապարակված են նաեւ եպիսկոպոսների հայտարարությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ալմաստ Մուրադյանի հետ. մի քանի հարց տալով՝ փորձել ենք նրանից պարզել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։
Փորձեցինք հասկանալ, թե ում առաջարկով է ստեղծվել Վեհափառի դեմ ստորագրահավաքի կայքը, ովքեր են կայքը ղեկավարողները, ինչ նպատակ այն ունի։
«Կայքում գրված է եպիսկոպոսաց դասի հայտարարություն։ Այսինքն՝ դա արդեն ենթադրում է, որ եպիսկոպոսները, որոնք տարածել են հայտարարությունը, իրենք էլ կայքի նախաձեռնողն են։
Կայքում այլ բան ներկայացված չէ։ Կայքի նպատակը եղել է, որ 10 եպիսկոպոսները, այս պահին ովքեր այստեղ են գտնվում, իրենց հայտարարությունն են ներկայացրել, ինչպես կայքում գրված է։
Սա կոչ է նվիրապետական աթոռների գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետների եւ քահանա հայրերին։ Կայքի նախաձեռնությունը ծնվել է հենց այս հայտարարությունից, որի հետ Նիկոլ Փաշինյանը կապ չունի»,- ասում է Մուրադյանը։
Փաշինյանի հետ կապ չունի, սակայն հարկ է նշել, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունը հենց ներքին ճնշումների արդյունք է եղել։ Այս մասին մամուլում բազմաթիվ են անդրադարձները։
Մուրադյանը վստահեցրեց, որ այս գործին լծվել է որպես անհատ, եւ այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է եւ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որեւէ առնչություն չունեն դրա հետ. ինքը որպես անհատ է զբաղվում կայքի աշխատանքներով։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որպես անհատ հենց իրեն է վստահվել կայքը, Մուրադյանը պատասխան չտվեց:
«Իսկ ինչո՞ւ չպետք է վստահվի կայքը ինձ՝ որպես անհատի։
Որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալին չպե՞տք է վստահվի։ Ի՞նչ կապ ունի՝ ինձ է վստահվել, թե մեկ այլ հավատացյալի։
Ինձ է վստահվել, ես եմ անում, ինչ-որ պրոբլե՞մ կա»,- վրդովվեց Մուրադյանը։
Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ում միջոցով է կայքը գործարկվել, վերջինս վստահեցրեց, որ ամեն բան ինքն է արել, անգամ ֆինանսական ներդրումը, սակայն գումարի չափ չցանկացավ նշել։
Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը չնշեց նաեւ, թե կա արդյոք հստակ սահմանված շեմ, որքա՞ն ստորագրությունն է համարվելու բավականաչափ։ 3 միլիոն մարդուց որքա՞նը պիտի ստորագրի, որ պահանջն օրինական ուժ ստանա։
Պաստասխանը երերուն էր. «Ես չեմ ասում՝ պատասխան չունենք, կամ տվյալներ չունենք․ ունենք, ուղղակի չեմ ուզում պատասխանել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Մուրադյանը։
Հարկ է նշել, որ Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսներն անգամ հայտարարում են ստորագրահավաք, սակայն աննպատակ եւ անվերլուծություն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքները կծառայեն նպատակին, իրենք չունեն:
5
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, ով հաստատեց մեր տեղեկությունները:
«Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, և ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաև պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից։ Շարժման մասնակիցների թիվը հատել է 13 հազարը»,-նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը այն փոխնախարարն էր, որ ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու ու նշել. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:
Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից:
Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է»:
6
Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած «տոնածառը» ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախք․ քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ–որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին «ամոթանք տալ», թե «ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել», թող նախ նայի՝ ո՞վ է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանների միջանցքներ:
Պաշտոնական լուրերով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո, օրենքով, քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին՝ Ավետիս Առաքելյանին։ Եվ հենց այստեղ է «ժանրի» գլխավոր հեգնանքը. իշխանական ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով՝ բողոքում, թե քաղաքը չի աշխատում։
Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ․ այն ՏԻՄ-ի վիճակի ցուցափեղկն է:
Երբ նույն ՔՊ-ն բարձրաձայն «մուննաթ» է գալիս, թե «այս ինչ վիճակ է», պետք է առաջինն իրենց քննադատի՝ քաղաքի կառավարումը կոլապսի վերածելուհամար:
Գյումրին տոնածառից առավել այսօր կարիք ունի մեկ բանի, որ քաղաքական հաշվեհարդարի գինը չվճարեն գյումրեցիները, ու հատկապես՝ երեխաները։ Տոնածառը կարելի է մեկ-երկու օրում լույսերով պատել։ Իսկ կիսակաթվածահար արված համայնքային ինքնակառավարումը հետո տարիներով է «վերանորոգվելու»։























