Ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը հաղթել է Չիլիի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում այն արդյունքները, որոնք հրապարակել է երկրի ընտրական ծառայությունն ընտրատեղամասերի 83,43%-ից ստացված ձայների հաշվարկից հետո:
Կաստի օգտին է քվեարկել ընտրողների 58,61%-ը: Նրա մրցակիցը՝ Ժանետ Խարան, որը ներկայացնում է կառավարող «Միասնություն Չիլիի համար» ձախակենտրոն կոալիցիան, ստացել է 41,39%: Նա արդեն ընդունել է պարտությունը եւ շնորհավորել Կաստին հաղթանակի առթիվ:
Կաստը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության միջամտության կրճատման եւ հանցավորության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցների օգտին: Նա խոստանում է իջեցնել կորպորացիաների շահույթի հարկերի դրույքաչափը, կրճատել պետական ծախսերը եւ արգելափակոցներ կառուցել Բոլիվիայի հետ սահմանին:
Կաստը կդառնա Չիլիի նախագահի պաշտոնում առաջին ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչը՝ գեներալ Աուգուստո Պինոչետի զինվորական վարչակարգի ժամանակներից ի վեր։
ԿԱՄՈ ՑՈՒՑՈՒԼՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։
Նշելով, որ Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունն էապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ Կամո Ցուցուլյանը կարեւորել է նոր նախաձեռնությունների հնարավորությամբ համագործակցության շարունակականությունը։
Պատվիրակության անդամներ՝ հիդրոօդերեւութաբանության գծով խորհրդատուներ Հալեհ Քուվայթը, Վլադիմիր Ցիրկունովը եւ քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացնելով Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը՝ ընդգծել են, որ դրանցում առանձնահատուկ կարեւորություն է տրվել հիդրոօդերեւութաբանության, կլիմայական եւ վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանը:
Որպես վաղ ազդարարման եւ ռիսկերի կառավարման համակարգի առաջնահերթություն՝ քննարկվել են կարողությունների զարգացման, արդյունավետ կառավարման եւ միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր:
Անդրադառնալով հիդրոօդերեւութաբանության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողություններին՝ առանձնացվել են այն առաջնահերթությունները, որոնք ուղղված են կլիմայական ռիսկերի պայմաններում Փրկարար ծառայության եւ այլ գերատեսչությունների միջեւ վաղ ազդարարման, ինչպես նաեւ հանրային իրազեկման ապահովմանը։ Ընդգծվել է, որ այդ գործողություններն առանցքային են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու եւ բնական աղետներին դիմակայելու կարողություններն ամրապնդելու համատեքստում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից համակարգերի զարգացումը կնպաստի ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով դիմակայուն առաջընթաց։























