Armenian text to speach

«ԻՄ ՀԱՆԴԵՊ ՏԱՐՎՈՂ «ՍԵՎ PR-Ը» ԻՆՁ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ». ՎԱՆԵՑՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում այս անգամ մեր զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ում հետ զրուցել ենք նրա նկատմամբ հանրության շրջանում ձեւավորված ընկալումների, գործունեության եւ նպատակների մասին։

 

-Պարո՛ն Վանեցյան, հանրության շրջանում Ձեզ տարբեր կերպ են ընկալում՝ որպես ԱԱԾ-ի նախկին տնօրեն, այնուհետեւ՝ քաղաքական գործիչ։ Ձեր կարծիքով՝ հանրությունը կարողացա՞վ ճանաչել Արթուր Վանեցյան մարդուն։

-Չեմ կարծում, որ ամբողջովին ճանաչել են Արթուր Վանեցյան մարդուն, որովհետեւ հանրային կյանքը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, լիարժեք հնարավորություն չեն տալիս քեզ պահել այնպես, ինչպես քեզ պահում ես ընկերական միջավայրում կամ ընտանիքում։ Այնուամենայնիվ, որոշակի ընկալումներ հանրային դաշտում ձեւավորվել են։ Չեմ կարող ասել՝ դրանք բացասական են, թե դրական. ժողովուրդը կտա իր գնահատականը։ Սակայն կարծում եմ՝ ցավոք սրտի, ինձ ամբողջությամբ չեն ճանաչել՝ որպես մարդ;

-Ի՞նչն է դրա պատճառն ըստ Ձեզ։

-Այն արհավիրքները, որոնք մեր երկրի գլխին եկան, ցավոք, այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ դու չես կարողանում խոսել դրական բաների մասին, այնպիսի թեմաների, որոնք հաճելի են հանրության ականջին։ Դու ստիպված ես իրավիճակային խոսք ասել, գործողություններ իրականացնել, որոնք շատ դեպքերում հանրային ընկալման մեջ կապվում են բացասականի հետ, քանի որ մշտապես մատնանշում ես, թե ինչ են անում գործող իշխանությունները եւ ինչպիսի խնդիրների առաջ են կանգնեցրել երկիրը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դու խոսում ես, բողոքում ես, բարձրաձայնում ես վատ երեւույթների մասին եւ չես կարողանում ասել այն ամենը, ինչ կցանկանայիր, ինչպես նաեւ չես կարողանում հանրությանը ցույց տալ քո այլ կողմը՝ ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ ԱԱԾ-ի նախկին աշխատակից, այլ որպես սովորական մարդ, որը շփվում է այլ մարդկանց հետ։ Բայց կարծում եմ՝ այդ բացը անպայման կլրացվի։

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ բացի լրացումը, պարո՛ն Վանեցյան։ Իշխանությունը բավական ակտիվ հակաքարոզ է իրականացնում Ձեր դեմ, հատկապես վերջին շրջանում։ Ի՞նչ պետք է անեք Դուք, որպեսզի հասկանան, որ Դուք պարզապես քաղաքական գործիչ եք, որը եկել է դրական փոփոխություններ իրականացնելու։

-Հանրային ընկալման մեջ այդ հակաքարոզը, իհարկե, բացասական ազդեցություն ունի։ Լինում են դեպքեր, երբ անգամ իմ հարազատները, նույնիսկ ընտանիքի անդամները, իշխանամետ լրատվամիջոցների տարածած անհեթեթ լուրեր են կարդում ու զարմացած հարցնում՝ ինչ է սա։ Պետք է ազնիվ լինենք. իշխանությունների կողմից տարվող այդ հակաքարոզչությունը, ի տարբերություն շատ այլ ոլորտների, բավականին արդյունավետ է, հատկապես քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Կարեւոր է, որ հանրությունը կարողանա տարբերել կեղծ լուրը իրականից։ Իմ հանդեպ իրականացվող հակաքարոզչությունը մեծ չափերի է հասել, եւ դրա նպատակը մեկն է՝ ինձ մշտապես ներքաշել մի օրակարգի մեջ, որտեղ ես ստիպված կլինեմ հերքել ինչ-որ բաներ եւ արդարանալ։ Ես արդարանալու ոչինչ չունեմ. չեմ կատարել ճակատագրական սխալներ, որոնց համար պետք է ամաչեմ։ Իսկ ընդհանրապես սխալներ բոլորն են գործում։ Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ իմ հանդեպ տարվող «սեւ PR»-ը որեւէ կապ չունի իմ իրական գործունեության եւ անձի հետ։

Հարցազրույցի շարունակությունը՝ «Ժողովորդ» օրաթերթի 3208 համարում։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 

ՄԻ ՁԵՌՔՈՎ «ԶՍՊԱՇԱՊԻԿ» Է ՀԱԳՑՆՈՒՄ

Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած «տոնածառը» ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախք. քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ-որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին «ամոթանք տալ», թե «ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել», թող նախ նայի՝ ո՞վ է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանների միջանցքներ:

Պաշտոնական լուրերով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո, օրենքով, քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին՝ Ավետիս Առաքելյանին։  Եվ հենց այստեղ է «ժանրի» գլխավոր հեգնանքը. իշխանական ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով՝ բողոքում, թե քաղաքը չի աշխատում։

Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ. այն ՏԻՄ-ի վիճակի ցուցափեղկն է:

Երբ նույն ՔՊ-ն բարձրաձայն «մուննաթ» է գալիս, թե «այս ինչ վիճակ է», պետք է առաջինն իրենց քննադատի՝ քաղաքի կառավարումը կոլապսի վերածելուհամար:

Գյումրին տոնածառից առավել այսօր կարիք ունի մեկ բանի, որ քաղաքական հաշվեհարդարի գինը չվճարեն գյումրեցիները, ու հատկապես՝ երեխաները։ Տոնածառը կարելի է մեկ-երկու օրում լույսերով պատել։ Իսկ կիսակաթվածահար արված համայնքային ինքնակառավարումը հետո տարիներով է «վերանորոգվելու»։

 

 

 

 

ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂՈՒ» ՄԱՍԻՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի՝ Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Թրամփի ուղու վերաբերյալ արված հայտարարությունը։

Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, պարզապես այլ անվան տակ, այդ իսկ պատճառով Իրանը կտրականապես դեմ է դրան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագիրն այժմ առաջ է մղվում ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով։

«Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ին ներկայություն ունենալ Իրանի հյուսիսում՝ անվտանգային լուրջ ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսում եւ Ռուսաստանի հարավում։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում է զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար այդ ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական եւ անվտանգային բաղադրիչներ»,- իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Վելայաթին։

Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտնել է Վելայաթիին, որ «TRIPP» ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի  փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: «ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երեւանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը եւ փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

 

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Փաստաբան Արամ Վարդեւանյանը գրում է. «2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը եւ Դատախազությունը ուղիղ անտեսեցին Դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել եւ աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:

2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլեւս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ խնդրահարույց է եվ հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման:

Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլեւս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաեւ, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետեւաբար, Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է՝ չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված է Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են, հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի՝ խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները:

Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին եւ գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար:

Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ եւ թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում:

 




Լրահոս