«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, ով հաստատեց մեր տեղեկությունները:
«Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, եւ ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաեւ պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից։ Շարժման մասնակիցների թիվը հատել է 13 հազարը»,-նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը այն փոխնախարարն էր, որ ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու ու նշել. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության եւ այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետեւ համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ եւ ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ եւ ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային եւ համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:
Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաեւ ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից:
Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ եւ պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
«Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է»: Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Շարունակվում է ներմուծումը, նոր խմբաքանակներ կան՝ ճանապարհին են, շուտով կգան», – ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ Ադրբեջանով եկած ցորենը 4-րդ կարգի չէ, այլ 3-րդ կարգի ցորեն է եղել, բոլորն էլ կերել են, նաեւ ինքը, քանի որ բերած խմբաքանակն ընդամենը մի քանի օրվա ցորեն է եղել։
Նա նշեց, որ որ նոր եկող ցորենը 3-րդ կամ 2-րդ կարգի է։
«Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրման մասին որեւէ նոր բան չկա։ Հարցրեք ընկերություններին՝ թող նրանք հաստատեն՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,-պատասխանելով ադրբեջանական նավթամթերք ներմուծելու մասին հարցին՝ ասաց Էկոնոմիկայի նախարարը։
Նա հայտարարեց, որ Ադրբեջանը դեռ ՀՀ տարածքով վառելիք չի ներմուծում, այլ սպասում է ամբողջական կարգավորման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով:
ՌՈՒԲԻՈՅԻ ՈՒ ԱՇ-ՇԱՅԲԱՆԻԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանիի հետ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով զոհվել են երկու ամերիկացի զինվորներ եւ մեկ քաղաքացիական թարգմանիչ:
Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարար ալ-Շայբանին ցավակցություն է հայտնել եւ վերահաստատել Դամասկոսի հանձնառությունը՝ քայքայելու եւ ոչնչացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը:
«Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր վնասում եւ սպառնում են ամերիկացիներին»,-ասված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրեր առաջ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերը հարձակման են ենթարկվել Պալմիրայի շրջանում։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Ռուսական կողմը ուրախ կլինի հյուրընկալել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այսօր Բաքուն եւ Երեւանը երկխոսություն են վարում հիմնականում անմիջականորեն, առանց միջնորդների։ Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար», – ասել է նա։
ՓՈՔՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ
Այգեպարը Բերդ քաղաքից մոտ 7 կմ հեռավորությամբ է գտնվում։ Այն հիմնվել է 1937 թվականին` որպես ծխախոտի ֆերմետացիոն գործարանին կից բնակավայր։ 1964-ին բնակավայրը անվանվել է Այգեպար։ Խորհրդային տարիներին Այգեպարը հայտնի էր ծխախոտի ֆերմետացիոն գործարանով եւ գինու գործարանով։ Հայաստանի անկախացումից հետո դրանք երկար տարիներ է անգործության են մատնված։ Սակայն նախկինում բանվորական ավան Այգեպարում արտադրական գործընթացը այժմ փոքր-ինչ վերականգնվում է։ Նոյեմբերի 13-ին Բերդ համայնքի ավագանին միաձայն քվեարկությամբ, 10 կողմ ձայնով որոշել է համաձայնություն տալ «Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար 1-ին փողոց 8/4 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N1 սենյակը՝ 213,32 քմ, N2 սենյակը 5.7 ք.մ, N3 սենյակը՝ 5.7 քմ, N4 սենյակը՝ 18.29 քմ, N5 սենյակը՝ 18.73 քմ, ընդհանուր՝ 261,74 քմ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 30 000 ՀՀ դրամ վարձավճարով, տարեկան 360 000 ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով տրամադրել «Բեստ կոմֆորտ» ՍՊԸ-ին՝ արտադրական գործունեություն ծավալելու համար»։ Այգեպար բնակավայրի նախկին վարչական ղեկավար, Բերդի համայնքապետարանի մասնագետ Արկադի Յամուկյանին մեր թղթակիցը հարցրել է, թե «Բեստ կոմֆորտ» ՍՊԸ-ն Այգեպարում արտադրական ինչ գործունեություն է իրականացնելու։ Յամուկյանը հայտնեց, որ այդ ընկերությունն Այգեպարում արտադրելու է բաղնիքներում (բնակարանների) տեղադրվող չորանոցներ։ Նա ասաց, որ Այգեպարում գտնվող, վերոհիշյալ վարչական շենքում նախկինում մակարոնեղենի արտադրամաս է գործել, որը, սակայն, դադարեցրել է գործունեությունը։ Նրա խոսքերով՝ առաջիկայում Այգեպարում նաեւ մոմերի արտադրություն կսկսվի։ Սահմանամերձ, մոտ 500 բնակիչ ունեցող Այգեպարում փոքր արտադրամասերի գործունեությունը կապահովի որոշակի թվով աշխատատեղեր, ինչն էլ որոշակիորեն կկանխի արտագաղթը Այգեպար բնակավայրից։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին որոշումներ է ընդունել տասնյակ քաղաքացիների գույքահարկի գանձման պահանջ ներկայացնելու մասին։ Այդ որոշումները վերաբերում են 2019-2025թթ. ընկած ժամանակահատվածում չվճարված գույքահարկին եւ այդ պատճառով առաջացած տույժերին։ Այդ գումարների չափերը յուրաքանչյուր դեպքում կազմում են հարյուր հազարավոր դրամներ։ Նշված բնակիչները տուգանքի որոշումն ստանալու պահից որոշակի ժամկետում պարտավոր են տուգանքի գումարը մուծել համայնքապետարանի գանձապետական հաշվին, որոշման պահանջները չկատարելու դեպքում` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























