Armenian text to speach

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ, ԳՈՒՄԱՐ ԵՆ ՇՈՐԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին շրջանում զեղծարարությունները, որոնք կապված են համացանցում ցուցաբերած անփութության հետ, շատացել են: Սակայն առավել ցայտուն կան ու մնում են անհատների կողմից իրականացված «հանցագործությունները», որոնք, բազմաթիվ բողոքներին զուգահեռ, մնում են անպատիժ։

 

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մ. Թ.-ն պնդում է, որ List.am կայքի միջոցով իրեն խաբել են եւ շորթել գրեթե 200 հազար դրամ գումար։

«Օգոստոսի վերջին տուն ենք գտնում  List.am-ով։ Մեզ ուղարկում են նկարներ, վիդեոներ։ Ասում են, որ այս պահին ապրում են Լոռու մարզում եւ չեն կարող գալ, հենց այդ օրը տունը ցույց տալ։ Ասում են՝ եթե հաստատ որոշել եք՝ նույն տունն է, ոչ մի տարբերություն չկա, կարող եք կանխավճար տալ, մենք հայտարարությունը (տան) List.am-ից կջնջենք։

Մեզ շտապ վարձով բնակարան էր պետք, դրա համար 190 հազար կանխավճար տվեցինք ու պայմանավորվեցինք, որ 2 օրից կգան, տունը ցույց կտան»,- պատմում է քաղաքացին։

Գումարը ստանալուց հետո Հայկ Թումանյան անուն-ազգանունով քաղաքացին, որը ներկայանում էր որպես տան սեփականատեր, 2 օր անց վարձակալության համար դիմած Մ. Թ.-ին հայտնել է, որ աշխատավայրում խնդիրներ կան: «Թող մնա՝ կինս կգա, ցույց կտա»,- ասել է նա։ Ապա կինը զանգահարել է եւ հայտնել, որ բալիկը հիվանդ է, նա էլ չի կարող գալ։

Մ. Թ.-ին եւ ամուսնուն նման կերպ գրեթե 15 օր խաբել են, որից հետո վերջիններս որոշել են գումարը հետ պահանջել եւ հրաժարվել բնակարանը վարձակալելուց։ Հայկ Թումանյանը սկսում է զանգերին չպատասխանել եւ անհետանում է։

Մ. Թ.-ն եւ ամուսինը որոշում են այլ եղանակներ փնտրել տան տերերի հետ կապվելու եւ հեռախոսահամարը որոնում են Getcontact հավելվածի միջոցով. այստեղ էր «անակնկալը»: Հայկ Թումանյանի հեռախոսահամարը գրանցված է լինում «Հայկ խաբեբա»։ Նույն համարով եւ անունով գրանցված անձը բնակարաններ է վաճառել Երեւանի տարբեր հատվածներում. սա դառնում է կասկածի պատճառ եւ Մ. Թ.- ն դիմում է ոստիկանություն։ Այնտեղ պարզվում է, որ Հայկ Թումանյանի կինն Արցախից է, իսկ տունը, որը առաջարկվել է զույգին վարձակալության համար, գտնվում է Արցախում։

Մ. Թ.-ն ArmLur.am-ին պատմել է, որ ոստիկանությունում պարզվել է՝ նրանց (Հայկ Թումանյանի եւ կնոջ) վերաբերյալ 1 տասնյակից ավելի դիմումներ կան։ Տարբեր անձանցից շորթել են 80 հազար եւ ավելի դրամներ։ Երբ այս մասին ֆեյսբուքյան տարբեր խմբերում բարձրաձայնել է զույգը, արձագանքներից հասկացել են, որ Հայկ Թումանյանից եւ վերջինիս կնոջից բազմաթիվ անձինք են տուժել։

Ֆեյսբուքյան խմբերում այդ հայտարարությունը տեսել էին նաեւ Հայկ Թումանյանը եւ կինը՝ Մարիամ Գրիգորյանը, որից հետո կապվել էին Մ. Թ.-ի եւ ամուսնու՝ Գ. Շ.-ի հետ՝ նրանց ուղարկելով սպառնալիքներ, որ նրանց եւ նրանց հարազատների նկարները կհայտնվեն Tik Tok-ում՝ վատ գրվածքներով։

ArmLur.am-ը Քննչական կոմիտեից փորձեց տեղեկանալ, թե հաղորդումն ինչ ընթացք է ստացել. խոստացան հնարավորինս շուտ պատասխանել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔ

Հասարակական անվտանգության նոր երաշխավոր Ոստիկանության գվարդիան ավելի քան մեկ ամիս է իրականացնում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման՝ իրեն վերապահված լիազորությունները՝ կիրառելով առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմ:

Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաեւ իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում:

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Գվարդիայի, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել։

Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, Ֆ-1 նռնակ եւ պահեստատուփեր։

 

 

ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԴԵՊՔ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Ոստիկաններն ու պարեկները նշված սեփական տանը հայտնաբերել են ամուսինների դիերը:

Հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սեփական տանը կյանքից զրկել է իր ծնողներին:

 

 

 

ՀՀ-Ն ՈՒ ԱՄԷ-Ն  ԿՃԱՆԱՉԵՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարած արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. սեպտեմբերի 30-ին՝ Աբու Դաբիում: Նախատեսվում է, որ փոխըմբռնման հուշագիրը  կկարգավորի Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները:

Զեկուցողի տեղեկացմամբ, հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Դեկտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 26-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի ապրիլի 17-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Քիշնեւի Ինտերպոլի կողմից երթեւեկության կանոնների խախտման մեղադրանքով. խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին եւ Դատախազությանը:

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտամեջ գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը իր բնակության հասցեում ապօրինի թմրամիջոց է պահում։

Դեկտեմբերի 12-ին նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկաններին 56-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակից հայտնաբերվել է 450 գրամ կանեփի չորացված զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 




Լրահոս