Երեւանում վերջին օրերին օդի որակի էական բարելավում է արձանագրվել. հյուսիսային քամու ներթափանցման արդյունքում փոշու ցուցանիշները հասել են ամառային ցուցանիշների մակարդակներին։
Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:
«Տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, որի արդյունքում արձանագրվել է օդի որակի զգալի բարելավում։ Բարելավումն այնքան էական է, որ համադրելի է ամառային ցուցանիշների հետ։ Դեկտեմբերի 14-ի առավոտյան PM 2.5-ի ցուցանիշը կազմում էր շուրջ 30, Դեկտեմբերի 15-ին՝ 65,8։
Միեւնույն ժամանակ Հայկազյանը նշել է, որ շարունակաբար ներկայացվում է օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններով։
«Առաջիկա ավագանու նիստում երկու որոշումների շրջանակում նախատեսում ենք ներկայացնել լրացուցիչ փոփոխություններ՝ ուղղված մարդածին աղբյուրներից արտանետումների նվազեցմանը։ Դրանց համաձայն՝ հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն շինհրապարակների նկատմամբ, ինչպես նաեւ պարտադիր բարեկարգման նորմերը կդառնան կիրառելի նաեւ հանքավայրերի համար»,- նշեց նա:
TRIPP ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երեւանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի եւ դրանում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»,-ասել է նա։
Կալուգինը նաեւ կարծիք է հայտնել, որ այդ նախագծում Ռուսաստանի մասնակցության համար կան բավարար հիմքեր։
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», – նշել է Կալուգինը։
Նա նշել է, որ «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։
«Մենք պետք է հաշվի առնենք նաեւ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», – ասել է ռուս դիվանագետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։
«Մինչեւ այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։
ՃԱՊՈՆԻԱՆ ԿԿՈՐՑՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՆԴԱՆԵՐԻՆ
Հաջորդ տարվա հունվարին Ճապոնիան, 1973 թվականից ի վեր առաջին անգամ, կզրկվի իր կենդանաբանական այգիներում եղած բոլոր պանդաներից՝ Չինաստանի հետ հարաբերությունների սառեցման պատճառով։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Ճապոնիայում մնացած վերջին հսկայական պանդա-երկվորյակները՝ արու Սյաո-Սյաոն եւ էգ Լեյ-Լեյը, որոնք գտնվում են Տոկիոյի «Ուենո» կենդանաբանական այգում, պետք է վերադարձվեն Չինաստան հունվարին, քանի որ փետրվարին լրանում է Չինաստանից նրանց վարձակալության ժամկետը:
Հունիսին Ճապոնիան Չինաստանին է վերադարձրել Վակայամա պրեֆեկտուրայի «Արկածների պարկի» 4 պանդաներին: Դրանից հետո երկրում մնացած միակ պանդաները դարձել են «Ուենո» կենդանաբանական այգու երկվորյակները:
Տոկիոն եւ Պեկինն այժմ հարաբերությունների սառեցման շրջան են ապրում՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի այն հայտարարությունից հետո, թե Թայվանի շուրջ ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, «եթե այն ուղեկցվի ռազմանավերի եւ ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես էլ նայենք, կարող է դիտարկվել որպես էկզիստենցիալ ճգնաժամ»
Ի պատասխան դրան՝ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Սյուե Ցզյանը X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ոչինչ չի մնում, քան առանց մի վայրկյան վարանելու կոտրել այդ կեղտոտ վիզը, որն առանց հարցնելու խցկվել է (ուրիշի գործերին)։ Դուք պատրա՞ստ եք դրան»։ Հետագայում գրառումը հեռացվել է։



















































































