Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում եւ սպասարկում» ծրագրի արդիականացման եւ լավացման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանա եւս 18 մասնաճյուղ-թանգարան՝ համապատասխան սարքավորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍՆ-ից նշում են, որ արդյունքում ամբողջական կդառնան տոմսային տնտեսությանը միացած կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության թանգարանները:
Դեռեւս 2023 թվականի նոյեմբերին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում ներդրվել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում եւ սպասարկում» ծրագիրը: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառք, մուտքի հասանելիության վերահսկում եւ կառավարում:
Ծրագրին միացած է նախարարության ենթակայության 19 թանգարան:
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների եւ ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ եւ օգտվելու զեղչային քաղաքականությունից:
Նախարարությունը նշում է, որ ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները եւ ապահովել հաշվետվողականություն պետության եւ հանրության առաջ, ինչպես նաեւ ապահովել ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում, հաշվետվություն: Ծրագիրը թանգարանային համակարգը դարձնում է ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող:
Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանների տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ օնլայն:
Հավելենք, որ քաղաքացիների, հատկապես երիտասարդների առումով Էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման համակարգը բավականին հեշտ, արագ եւ մատչելի հնարավորություն է, սակայն այս տարբերակը մտահոգիչ է տարեցների առումով. ինչպե՞ս են բարդ կայքերից օգտվել կարողանալու եւ էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիները։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՉԻՆԱՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արեւիկ գրատանը» ներկա է եղել չինարենից հայերեն թարգմանությունների շնորհանդեսին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ ԿԳՄՍ նախարարության եւ ՉԺՀ ազգային մամուլի եւ հրատարակչության վարչության միջեւ դասական ստեղծագործությունների թարգմանության եւ հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են:
«Ըստ հուշագրի՝ յուրաքանչյուր կողմ իր երկրում պետք է թարգմանաբար հրատարակի եւ տարածի մյուս երկրի դասական գրականությունը: Այս գրքերի միջոցով կողմերը ծանոթանում են միմյանց՝ աշխարհի ամենահին, հարուստ քաղաքակրթությունների՝ Հայաստանի եւ Չինաստանի պատմությանը, արվեստին, կրթությանը, գրականությանն ու փիլիսոփայությանը: Փոխադարձ թարգմանությունները նպաստում են նաեւ ճանաչողության զարգացմանը, տվյալ երկրում ճամփորդելու ու նորանոր բացահայտումներ անելու հնարավորությանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալը կարեւորել է այն փաստը, որ թարգմանական գործի շարունակականության ապահովման մեջ մեծ է երիտասարդների մասնակցությունը, որը կարեւոր է ծրագրի հետագա զարգացման համար:
«Արեւիկ» հրատարակչությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ լույս է ընծայել Ա Չընի «Ծառերի արքան», Ցաո Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշընի «Ես եւ երկրի տաճարը» գրքերը:
Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել եւ հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։
Ընդգծվում է, որ սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին՝ հայ դասական գրականությանը, հայ ընթերցողին՝ չինական գրականությանը, փոխադարձաբար ծանոթանալու:
Նախագիծը չի սահմանափակվում վերոնշյալ գործերով: 2026 թվականին եւ դրան հաջորդող տարիներին, պայմանավորվածության համաձայն, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուն, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի եւ պոեզիայի անթոլոգիաներ:
ՀՐԱՎԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԵՐԻՆ
Եգիպտոսի մշակույթի նախարարությունը Հնությունների եւ զբոսաշրջության նախարարության եւ Ասուանի նահանգապետարանի հետ համատեղ կազմակերպում է Ասուանի մշակույթի եւ արվեստի 13-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է 2026 թ. փետրվարի 3-9-ը:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, եգիպտական կողմը միջոցառումներին մասնակցելու եւ փառատոնի շրջանակում հայկական մշակույթը եւ արվեստը ներկայացնելու նպատակով հրավիրում է հայկական ազգային պարերի խմբերի։
Հրավիրող կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը՝ մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։ Մասնակցության պարագայում այդ մասին պետք է տեղեկացնել ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչությանը (հեռ.՝ 010-599-699, ներքին՝ 429)։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ. հունվարի 20-ն է: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակներում` նախապատրաստվելով ընկերական մրցաշարին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքին ընդառաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է խաղացողների ցանկը՝
Ալբերտ Աղաջանով-«ՏԶՄՍ Տուլա»
Լեւոն Գեջուա-«Լիպեցկ»
Արթուր Մկրտչյան-«Սիեւն»
Էմին Ղարաբեկյանց-«Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան-«Լիպեցկ»
Նիկիտա Խռոմիխ-«ՏԶՄՍ Տուլա»
Համլետ Մանուկյան-«Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան-«Նորիլսկի Նիկել»
Դենիս Նեւեդրով-«Տյումեն»
Գարիկ Մաշումյան-«Սիեւն»
Արթուր Պատատյան-«Երեւան»
Միհրան Դերմենջյան-«Մերկուրի»
Սարգիս Մարգարյան-«Յունիսպորտ»
Արսենի Պետրոսյան-«Նովայա-Գեներացիա»
Աղասի Եղիազարյան-«Երեւան»
Միքայել Ղանդիլյան-«Էիր-Աերո»
Արսեն Պետրոսով-«Տորպեդո»
Պուտրուս Վասիլեւ-«Յունիսպորտ»
Դեկտեմբերի 20-24-ը կայանալու է միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցելու են Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի եւ Հայաստանի հավաքականները։ Հայաստանի ֆուտզալի ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
ՄԱԽԱՉԵՎԻ «ԽՈՐՀՈՒՐԴԸ»՝ ԱՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
UFC-ի թեթեւքաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչեւը մեկնաբանել է թեթեւքաշային կարգում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանակավոր տիտղոսի համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը եւ Ջասթին Գեյջին։
«Թող կազմակերպությունը չնեղանա, բայց հիմա ինձ համար ավելի ու ավելի անհասկանալի մենամարտեր են տեղի ունենում։ Կարծում եմ՝ Արմանը պետք է մենամարտեր տիտղոսի համար։ Բայց Արմանը հիմա չի մենամարտի, կմենամարտեն Փիմբլեթն ու Գեյջին։ Ով էլ հաղթի նրանցից, կմենամարտի Իլյա Թոփուրիայի հետ։ Սա նշանակում է, որ Արմանը պետք է եւս մեկ տարի սպասի։
Իմ կարիերայում էլ էր այդպես։ Ես 10 մենամարտ անցկացրի, որպեսզի հասնեմ տիտղոսին՝ 10 հաղթական մենամարտ։ Արմանը, հավանաբար, պետք է մի փոքր սպասի, համբերի», – ասել է Մախաչեւը Red Corner MMA YouTube ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը եւ Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթեւ քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։



















































































