«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում մեր զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը մեզ հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ում իրեն լավ է զգացել, շատ է սիրել այնտեղի աշխատանքը, սակայն այսօր ընտրել է այլ ուղի։
Հարցազրույցի սկիզբը՝ «Ժողովուրդ» օրաթերթի 17.12.2025 թվականի համարում։
-Պարո՛ն Վանեցյան, Ձեզ փորձում են ներկայացնել որպես հարուստ մարդ, որն ամբողջությամբ կտրված է իրականությունից, չի պատկերացնում, թե ինչպես է ապրում հանրությունը մարզերում եւ ընդհանրապես տեղյակ չէ հասարակության խնդիրներին։ Ինչպե՞ս կբացատրեք դա հանրությանը։ Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ շփվում էր մարդկանց հետ, ձեռքով բարեւում, ցույց տալիս, որ հանրության անդամ է, նրանցից մեկն է։ Դուք ունե՞ք տարբերակ ապացուցելու, որ իրականությունից կտրված հարուստ մարդ չեք, այլ հասարակության մի մասն եք։
-Նախ՝ «հարուստ մարդ» հասկացությունը հարաբերական է. ինչ-որ մեկի համեմատ հարուստ ես, մեկ ուրիշի համեմատ՝ աղքատ։ Ես երբեք չեմ թաքցրել, որ ծնվել եմ նորմալ, միջին ապահովված ընտանիքում, եւ մեր ընտանիքում երբեւէ գոյաբանական խնդիրներ չենք ունեցել։ Սակայն երբ իշխանությունները ներկայացնում են որեւէ մեկին որպես հարուստ մարդ, ասում են՝ «Ժողովուրդ, դուք վատ եք ապրում, որովհետեւ կան հարուստ մարդիկ, թալանչիներ»։ Այսինքն՝ «հարուստ» եւ «թալանչի» հասկացությունները նույնացնում են։
Իհարկե, երբ իրենք են գնում տներ, ավտոմեքենաներ, հանգստանում լավագույն ծովափերում, դա իրենց դեպքում նորմալ եւ թույլատրելի է, բայց երբ նույնն անում է ուրիշ մեկը, նա արդեն «թալանչի հարուստ» է։ Այս երկուսը միտումնավոր հավասարեցվում են։
Ես միշտ կարծել եմ եւ բարձրաձայնել այդ մասին, որ եթե մարդ իր հարստությունը ձեռք է բերել արդար քրտինքով, դա վատ բան չէ։ Շատ կուզեի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ապրեր արժանապատիվ կյանքով, չունենայինք աղքատներ, ուսման վարձի պատճառով խնդիրներ ունեցող երիտասարդներ, գումարի բացակայության պատճառով բուժօգնություն չստացող մարդիկ։
Վերջին շրջանում ակտիվորեն շրջում եմ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։ Երբ ինձ հարցնում են՝ «Պարո՛ն Վանեցյան, ի՞նչ եք անելու, երբ իշխանության գաք», պատասխանում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է. պետք է անել ամեն բան, որպեսզի հայ մարդը ապրի լավ։ «Լավ ապրելը» ամբողջական փաթեթ է՝ անվտանգային երաշխիքներ, սոցիալական պաշտպանվածություն, արժանապատիվ աշխատանք, նորմալ եկամուտ եւ հնարավորություններ՝ լիարժեք կյանքով ապրելու համար։
Երբ ինձ փորձում են ներկայացնել որպես հարուստ կյանքով ապրող, իրականությունից կտրված մարդ, ուզում եմ ընդգծել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ես ծնվել եմ այս քաղաքում, այստեղ եմ ապրում՝ ամենօրյա սովորական ռեժիմով, ինչպես բոլորը։ Իսկ քաղաքական գործունեության շրջանակում շփվում եմ տարբեր մարդկանց հետ, շատ լավ հասկանում եմ, թե մարդիկ ինչ են ուզում եւ ինչի կարիք ունեն։ Այդ ուղղությամբ էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքները։
-Պարո՛ն Վանեցյան, որտե՞ղ էիք Ձեզ ավելի լավ զգում՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնո՞ւմ, թե՞ կուսակցության ղեկավարի։
-Ես ինձ շատ լավ եմ զգացել ԱԱԾ-ում աշխատելու ողջ ժամանակահատվածում՝ սկսած առաջին օրվանից։ Դա 2000 թվականն էր, երբ Մասիսի տարածքային բաժնում ստանձնեցի կրտսեր օպերլիազորի պաշտոնը։ Այդ օրվանից ինձ շատ լավ եմ զգացել այդ համակարգում։ Ես այդ համակարգը շատ սիրում եմ, շատ կարոտում եմ եւ բարձր եմ գնահատում այնտեղ իրականացվող աշխատանքը։
Այդ փուլը, սակայն, իմ կյանքի արդեն անցած էջն է, եւ հետ նայելու տեղ չունեմ։ Այսօր ունեմ այլ առաջնահերթություններ, քանի որ ստանձնել եմ կուսակցության ղեկավարի պատասխանատվությունը եւ զբաղվում եմ քաղաքականությամբ։ ԱԱԾ-ում ինձ լավ եմ զգացել, սակայն գոհ եմ նաեւ իմ այսօրվա գործունեությունից։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆԱԽԱԳԻԾ
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաեւ թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում եւ դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
ՄԵՐԺՈՒՄ
Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն եւ Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն եւ Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները
Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։
Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,- գրել է նա։
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ
Թուրքիայից Սիրիա վերադարձող փախստականների թիվը հասել է 580 հազարի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայի կառավարությանը տրամադրում է անհրաժեշտ ողջ աջակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Ըստ աղբյուրի՝ ներկայում ավելի քան 2 մլն 366 հազար սիրիացի գտնվում է Թուրքիայում՝ ժամանակավոր պաշտպանության ներքո։ Թուրքական կողմի տվյալներով Սիրիայի վերականգնման արժեքը ներկայումս գնահատվում է 216 մլրդ դոլար:
























