Երեկ՝ ժամը 11։00-ին, Արթուր Չախոյանը ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր մուտքի մոտ, հրապարակային կարգով հաղորդում էր ներկայացնում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երեւան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ եւ կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից։
«Հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝
441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
445-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու, ինչպես նաեւ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու,
447-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը եւ շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու,
ինչպես նաեւ 448-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու եւ դրա հետեւանքները չվերացնելու, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի եւ շինությունների կառուցումը չդադարեցնելու եւ անօրինական կառույցները չքանդելու արարքների հատկանիշների առկայությանը։
Իսկ առավել հստակ՝ եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա», – գրել է բլոգերը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ու նրա որդու դատավարությունը։
Վ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-2011 թվականներին, զբաղեցնելով Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնը, 2 դեպքերով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին, իսկ մեկ դեպքով օրինականացրել է ապօրինի գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը: Վ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նրա որդուն՝ Նաիրի Վարուժանի Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, միջոցներ տրամադրելով, օժանդակել է Իջեւան համայնքի ղեկավար Վ. Ներսիսյանին՝ վերջինիս պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, ինչպես նաեւ խմբի կազմում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգքրի 38-308 հոդվածի 1-ին մասով եւ 190 հոդվածի 2-րդ մասի 2-իդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Երեւանում՝ Հակակոռուպցիոն դատարանում, այս քրեական գործով նախնական դատալսումների ժամանակ հանրային մեղադրող Անահիտ Այվազյանը բացարկ է հայտնել նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին, քանի որ Անահիտ Այվազյանը 2022-2023թթ. ընթացքում որպես գործավար աշխատել է սույն գործով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի աշխատակազմում։ Դատավոր Վ. Սարգսյանը, ընդունելով, որ քրեական գործով հանրային մեղադրող Անահիտ Այվազյանը 2022-2023թթ. ընթացքում որպես գործավար աշխատել է իր աշխատակազմում, աշխատանքային գործունեության ընթացքում նախագահող դատավորի եւ սույն գործով հանրային մեղադրողի միջեւ ձեւավորվել են որոշակի փոխհարաբերություններ, որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել՝ որպես դատավոր Վ. Սարգսյանի անաչառության վերաբերյալ, ըստ այդմ էլ՝ կասկածի տակ կարող է դրվել ինչպես գործի քննության օբյեկտիվությունը, այնպես էլ կայացվելիք դատական ակտի արդարացիությունը։ Վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաեւ ղեկավարվելով ցանկացած ողջամիտ կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների մոտ կողմնակալության վերաբերյալ պատկերացումները հերքելու կանխավարկածով, դատավորը գտել է, որ նշված գործով անհրաժեշտ է հանրային մեղադրողի հայտնած բացարկն ընդունել: Դատավոր Վ. Սարգսյանը դեկտեմբերի 8-ին որոշել է հանրային մեղադրողի հայտնած բացարկն ընդունել եւ քրեական գործը հանձնել հակակոռուպցիոն դատարանի նախագահին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
























