ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգեւորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ միացել վերջինիս պահանջին՝ Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ։
Այդ բարձրաստիճան հոգեւորականներն են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակեպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Այժմ ներկայացնենք Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին
Հոգեւորականը ծնվել է 1961 թվականին Եղեգնաձորի Ռինդ գյուղում։
2010 թվականից Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը Վայոց ձորի թեմի առաջնորդ է։ Մինչ այդ՝ 1993-2010 թվականներին, նա առաջնորդել է Սյունիքի թեմը։
Արքության պատվին (արքեպիսկոս) արժանացել է 2013 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով, իսկ եպիսկոպոս է ձեռնադրվել 1996 թվականին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայան Հայոց Կաթողիկոսի։
1992 թվականին ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճաններ՝ ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի (թեզ՝ Հայր մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ (ըստ Եղիշեի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Վարդան Արեւելցու եւ Գրիգոր Տաթեւացու)»։
1987 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի եւ սարկավագ է նշանակվել 1986 թվականին՝ ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպս Սանթուրյանի։ Հեղինակ է «Նախաշավիղ քրիստոնեական կրթության», ««Հայ Մեր»-ի մեկնություններն՝ ըստ Գրիգոր Տաթեւացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» գրքերի ու գիտական աշխատանքների։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԹՐԱՄՓԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը կընդլայնեն իրենց ներկայությունը Վենեսուելայում այնքան ժամանակ, մինչեւ այն Վաշինգտոնին չվերադարձնի նախկինում գողացված նավթը, հողերը եւ այլ ակտիվներ։
Դոնալդ Թրամփն այդ մասին գրել է Truth Social հարթակում։
«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով։ Այն ավելի կմեծանա, եւ ցնցումը նրանց համար կլինի աննախադեպ այնպես, ինչպես երբեք չեն տեսել։ Սա կշարունակվի մինչեւ այն պահը, երբ նրանք Միացյալ Նահանգներին վերադարձնեն մեզանից նախկինում գողացված ողջ նավթը, հողը եւ այլ ակտիվները», – գրել է Թրամփը։
«Մադուրոյի անօրինական ռեժիմն այս գողացված նավթահանքերից նավթն օգտագործում է իրենց ֆինանսավորելու, թմրանյութերի ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, սպանության եւ առեւանգման համար։ Մեր ակտիվների գողության եւ շատ այլ պատճառներով, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության եւ մարդկանց թրաֆիքինգի համար, Վենեսուելայի ռեժիմը ճանաչվել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Հետեւաբար, այսօր ես հրամայում եմ Վենեսուելա մտնող եւ այնտեղից դուրս եկող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների լրիվ եւ ամբողջական շրջափակում»,- նշել է Թրամփը գրառման մեջ։
Նախորդ շաբաթ Վաշինգտոնի եւ Կարակասի միջեւ հարաբերություններն ավելի սրվեցին, երբ ամերիկյան զորքերը գրոհեցին եւ գրավեցին վենեսուելական նավթատարը այդ երկրի ափերի մոտ։ Այս միջադեպից հետո վենեսուելական նավթի գնորդները, այդ թվում՝ չինական վերամշակման գործարանները, սկսեցին պահանջել ավելի բարձր զեղչեր եւ պայմանագրային փոփոխություններ Վենեսուելայի պետական նավթագազային ընկերություն PDVSA-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում նշել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այս շաբաթ Հունգարիան վերջապես հանեց իր վետոն մարտ ամսին առաջարկված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի (Եվրոպական խաղաղության հիմնադրամ) վրայից, որը նախատեսված է Հայաստանի համար»,-նշել է նա։
Յոզվիակը մանրամասնել է, որ որոշումը կվերջնականացվի 2026 թվականի հունվարին։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Եվրոպական միության անդամ բոլոր երկրների կողմից կա քաղաքական համաձայնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Հայաստանը 2024 թվականի հուլիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաեւ մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաեւ համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Հունգարիան արգելափակել է այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ, ըստ Սիյարտոյի, պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։




















































































