Լուսանկարը՝ Շամշյան.քոմ-ի
Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 17։10-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարեւանությամբ, ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, վարորդը, պարեկային ծառայության հրամանատարը եւ պարեկները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Բարեբախտաբար տուժածներ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը:
Սրբուհի Դավթյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են Վերաքննիչ դատարան անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, դատարան հասցեագրված բողոքներ ստանալով, պարտավոր է գրանցել դրանք եւ ուղարկել ըստ ընդդատության` այդ մասին տեղյակ պահելով հսկող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը եւ դատարանի որոշումը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին օտարերկրյա դիվանագիտական ծառայություն իրականացնելուց հետո վերադառնում է ՀՀ: Հնարավո՞ր է ներմուծել անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի:
Հարություն Գալստյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 24-րդ մասի համաձայն` օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները եւ ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդները ծառայության ավարտից հետո, առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման, կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը՝ բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների: Սույն մասով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ 2000 թվականի հուլիսի 6-ի Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին մասը շարունակում է գործել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների եւ ՀՀ դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդներին վերաբերող մասով մինչեւ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի՝ պայմանագրի համաձայն՝ ՀՀ կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով տեղափոխվող, ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսավճարից:




















































































