Այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի մերժվել է մեկնել ՌԴ․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում: Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որեւէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել:

20 օր առաջ ավտոբուսով Ռուսաստան մեկնել ցանկացող Վահան Զոհրաբյանը «Ժամանակին» տեղեկացրեց, որ ինքը նախապես կայքում ստուգել էր, պարզել, որ ամեն ինչ «մաքուր» է, եւ տոմս էր գնել, սակայն Լարսի անցակետում իրեն տեղեկացրել էին, որ ինքը անցած տարի խախտել է Ռուսաստանում գտնվելու ժամկետը:

«Ինձ հետ ուղարկեցին ու ասացին, որ ես նախորդ անգամ 4 օր ավելի եմ մնացել, այսինքն՝ խախտել եմ ժամկետը, բայց գնալուց առաջ ես ստուգել էի, ու ամեն ինչ մաքուր էր ցույց տալիս»,- ասաց Վահանը:

Վերջինիս խոսքով՝ այդ օրը միայն ինքը հետ չի ուղարկվել: Ավտոբուսում եղած 24 հոգուց միայն 2-ն են հատել սահմանը, իսկ մնացած 22-ը մերժվել են:

«Ահավոր վիճակ էր, բացի մեր ավտոբուսից՝ էլի ավտոբուսներ կային, երթուղայիններ, ու բոլորին էլ հետ էին ուղարկում, շատ քիչ մարդու էին թողնում: Բայց հետաքրքիրն էն ա, որ բոլորն էլ ասում էին, թե նայել են կայքում, եւ ամեն ինչ մաքուր է եղել»,- հավելեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս