Armenian text to speach

ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության՝ Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով. ընդ որում՝ առերես հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ նախաքննական մարմնի՝ դեռեւս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության:

«Ժողովուրդը» այս առիթով հարց ուղղեց  նաեւ Միքայել Համբարձումյանին՝ խնդրելով մեկնաբանել մեր տեղեկությունները, սակայն վերջինս ընդամենը փաստեց, որ ուրախ է, որ դեռեւս կան ազնիվ մարդիկ, ովքեր անձնական կամ այլ  շահերով պայմանավորված չեն գնում զրպարտության, ստի:

Այս պատասխանից կարող ենք հանգել այն հետեւությանը, որ այնուամենայնիվ մեր տեղեկությունները ճիշտ են, եւ կատարվել է առերես հարցաքննություն, որի ընթացքում տրվել են Միքայել Համբարձումյանի վերաբերյալ մեղքը ժխտող ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված՝ նա փաստում է այդ անձանց ազնվության մասին…

Սա պատվե՞ր է Միքայել Համբարձումյանի նկատմամբ՝  ինչ-որ շրջանակներից  ուղղորդվող, թե՞ պարզապես ստուգման օբյեկտիվ գործընթաց. այս պահին դժվար է հետեւություն անել: Թերեւս պետք է սպասել հետագա  զարգացումներին:

 

 

 

2

Արարատի փոխմարզպետը բնակարան է գնել Երեւանում

 

Վրաստանում ծնված, Երեւանում սովորած, Ռուսաստանի Դաշնությունում աշխատած Արտավազդ Նազարեթյանը 2018 թվականից ի վեր զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։

Փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2022 թվականին գնել է բնակարան «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ից։ Բնակարանն արժեցել է 33 մլն 582 հազար դրամ։

Փոխմարզպետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նազարեթյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5, 289 ԱՄՆ դոլար, 2  մլն 61 հազար դրամ:

Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել են՝ 2 մլն 800 հազար դրամից կազմելով 6 մլն 240 հազար դրամ։

Փոխմարզպետ Նազարեթյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 504 հազար դրամ, որից 11 մլն 714 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արարատի մարզպետի աշխատակազմից։

Եկամուտներից 2 մլն 989 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտն է։

Նազարեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 58 հազար դրամ, որից 27 մլն 558 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է նաեւ, որ փոխմարզպետի կինը՝ Լիանա Այվազյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականն է։

ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում:

 

 

 

3

Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են տարբեր ուժերի միջեւ հանդիպումներն ու քննարկումները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ ունեցել են համատեղ քննարկումներ՝ հնարավոր համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, «Նժար» շարժմանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ քննարկումները կրել են բաց եւ հրապարակային բնույթ։

«Նշված ուժերի կողմից մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մեր թիմակիցներն իրենց մասնակցությունն ունեցել են։ Քննարկումները եղել են հրապարակային՝ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ այլ հարցերի», – ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով համապետական ընտրություններին եւ հնարավոր համաձայնություններին՝ Առաքելյանը ընդգծեց, որ դեռեւս վերջնական որեւէ որոշում չկա։ «Տարբեր ուժերի հետ տարբեր քննարկումներ կան։ Չեմ բացառում նաեւ քննարկումները ձեր կողմից թվարկած ուժերի հետ, սակայն այս պահին որեւէ հստակ պատկերացում կամ համաձայնություն գոյություն չունի։ Քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են», – նշեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպիսին է «Ապրելու երկիր» կուսակցության վերաբերմունքը քաղաքական դաշտում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման նկատմամբ։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ հարաբերությունները վաղուց են ձեւավորված։ «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ ունեցել ենք դեռեւս մինչեւ շարժման ձեւավորումը։ Արման Թաթոյանը մշտապես դրսեւորել է ակտիվություն եւ հանրային պատասխանատվություն, ուստի հնարավոր քննարկումները նոր չեն», – ասաց նա։

Ինչ վերաբերում է 2026 թվականին հնարավոր միավորմանը կամ միասնական թեկնածու առաջադրելու հեռանկարին՝ Առաքելյանը նշեց, որ առայժմ որեւէ հստակ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին, իսկ համագործակցության ձեւաչափի հարցը դեռ քննարկման փուլում է։

Միաժամանակ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում թեկնածուի խնդիր չկա։ Նրա խոսքով՝ հստակ որոշման դեպքում կուսակցության նախագահի՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունն ամենահավանականն է, սակայն չբացառեց նաեւ սեփական մասնակցությունը։

 

 

 

 

4

 

Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաեւ Կաթողիկոսի մյուս եղբորը

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տեւական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։

Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս:

Հիշեցնենք՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարությունն էր հնչեցնում՝ ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» եւ այլն:

Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաեւ Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը եւ եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը:

 

 




Լրահոս