Տարվա այս օրերին բոլորս մի պահ կանգ ենք առնում՝ խորհելու անցած ճանապարհի ու սպասվողի մասին։ Նոր տարին մարդկանց միավորելու խորհուրդ ունի, ուստի մեր ամանորյա զրույցում փորձել ենք համադրել քաղաքական ու մարդկային թեմաները։
«Ժողովուրդը» հյուրընկալել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ սովորեցիք 2025 թվականին, ո՞րն էր Ձեր ամենամեծ ձեռքբերումը։
-Սովորեցի, ավելի ճիշտ՝ հասկացա, որ մենք ապրում ենք մեծ միֆերի մեջ. իրականում գործնականում ամեն ինչ հնարավոր է ու իրագործելի։
-Անցած տարվա համար ո՞ւմ եւ ինչի՞ համար եք շնորհակալ։
-Շնորհակալ եմ բոլորին, թե՛ նրանց, ովքեր իմ փորձությունների պատճառ դարձան, թե՛ նրանց, ովքեր դժվար պահերին իմ կողքին էին։ Յուրաքանչյուրը իր ձեւով մեծ դեր է ունեցել իմ կյանքում։ Փորձությունները սովորեցնում են ուժեղ լինել, կոփում են կամքը։
Նույնիսկ նրանց, ովքեր բացասական իմաստով պատճառը եղան այդ փորձությունների, միեւնույնն է, շնորհակալ եմ:
-Ի՞նչ եք ցանկանում թողնել 2025 թվականին եւ ի՞նչ եք պարտադիր Ձեզ հետ տանելու նոր տարի։
-Նոր տարում ինձ հետ տանելու եմ նոր հույսեր, նոր նպատակներ ու նոր տեսլականներ։ Իսկ անցնող տարում թողնելու եմ սին հավատը որոշ իրավիճակների եւ մարդկանց նկատմամբ։
-Ըստ Ձեզ՝ ո՞րն էր 2025 թվականին Հայաստանի համար ամենամեծ նվերը։
-2025 թվականին Հայաստանի համար նվեր չի եղել։
-Իսկ ո՞րն եք ցանկանում, որ լինի 2026 թվականին։
-Ընդդիմափոխություն եւ իշխանափոխություն։
-Եթե Նոր տարվա սեղանին միայն մեկ ուտեստ ունենալու ընտրություն ունենայիք, ո՞րը կընտրեք։
-Բարդ հարց է (ժպտում է). եթե մեկը պիտի պահենք, երեւի՝ թփով տոլման։
-Ամանորին ընդառաջ ո՞ր ֆիլմն եք նախընտրում դիտել՝ «Տանը մենակը», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», թե՞ «Մեր բակը»։
-Անկեղծ ասած՝ հիմնականում նախընտրում եմ դիտել այն, ինչ երեխաներն են սիրում դիտել։ Բայց եթե այդ երեքից պիտի ընտրեմ, ապա՝ «Մեր բակը», որովհետեւ ֆիլմի ժամանակահատվածը շատ լավ հիշողություններ է առաջ բերում, մանավանդ, որ այդ ժամանակ մեր հաղթանակած տարիներն էին:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձմեռ պապիկին քաղաքական դաշտում. ի՞նչ առաքելություն կունենար նա։
-Պարզ, արդար եւ ամենակարեւորը՝ սուտն ու կեղծիքը մաքրելու առաքելությամբ օժտված։
-Ձեր ընդդիմախոսներին ի՞նչ կցանկանաք 2026 թվականին։
-Բոլորին կցանկանամ առողջություն եւ արդարություն։
-Իսկ իշխանությանը ի՞նչ եք ցանկանում։
-Ազգային ինքնություն։
-Ձեզ համար ի՞նչ երազանք կպահեք ամանորին։
-Կցանկանամ ունենալ շատ երեխաներ։
-Ամանորը դիմավորել Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս։
-Բնականաբար՝ Հայաստանում։
-Ամանորի գիշերը ի՞նչ կխնդրեք Աստծուց։
-Իմաստություն, կամք, ուժ եւ ողջամտություն։
-Ձեր ուղերձը՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին։
-Անզորության եւ հաշտվողականության կեղծ միֆերը պետք է կոտրել, դրանք փոխարինել պայքարի օրակարգով, իսկ հուսահատությունը՝ ապագայի հանդեպ աստվածային հույսով։
Ամանորյա զրույցը վարեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
«ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ». ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Այս քայլով Փաշինյանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ ինքը չի պայքարում Եկեղեցու դեմ, բայց մենք՝ Հայաստանում, գիտենք, որ նա շղթայում է հոգեւորականների եւ պայքարում Եկեղեցու անկախության դեմ»։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից ոմանք, որոնք աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են։ Ընդ որում մենք այնքան ամուր, մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ ոչ մի կոմպրոմատ չկարողացան գտնել նրանց դեմ։ Սա ցույց է տալիս, որ եկեղեցում կան խորքային հավատքով մարդիկ, ովքեր հետեւում են եկեղեցական բոլոր կանոններին», – հավելել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բախումները անընդունելի են, եւ հայ հասարակության մեջ բախումներ չպետք է տեղի ունենան։ «Մենք բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը», – նշել է նա։
Այն հարցին, թե ինչու է Մայր Աթոռում փակցված Սամվել Կարապետյանի դիմանկարը, Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ «Սամվել Կարապետյանի նկարը, ինչպես նաեւ հայ եկեղեցու մյուս բարերարներինը, կախված է վեհարանում, քանի որ վեհարանը կաթողիկոսի աշխատանքի վայրն է: Ինչքան մենք գիտենք, դա նաեւ կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է։ Ճանաչելով Սամվել Կարապետյանին՝ ես կարող եմ ասել, որ նա երբեք չի բարձրաձայնել այն բաները, որ ինքն արել է, եւ երբեք կողմ չի եղել: Բայց դա մեր հոգեւոր դասի քայլն էր` ի պատիվ իրենց», – ընդգծել է Կարապետյանը:
Նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը պառակտում է եկեղեցին եւ հասարակությունը։ «Մենք բոլորս գիտենք, թե որոշ հոգեւորականներ ինչպես են հայտնվել նման իրավիճակում (խոսքը Փաշինյանին աջակցություն հայտնած 10 եպիսկոպոսների մասին է – խմբ.)։ Նրանցից մի քանիսին ես անձամբ եմ ճանաչում։ Կարող եմ վստահությամբ ասել, որ նրանց կարծիքը Փաշինյանի մասին ավելի բացասական է, քան շատ ընդդիմադիրների կարծիքը», – ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու անկախության դեմ ուղղված իշխանությունների քայլերը նպատակ ունեն հարվածել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ միջազգային ատյաններում հայկական շահերի ներկայացմանը։ Կարապետյանը հավելել է, որ դրան նախորդել են Թուրքիայի հետ բանակցությունը եւ որ միայն հետագայում կիմանանք, թե դա ինչ արդյունքների է հանգեցրել եւ ինչ պարտավորություններ են ստանձնել իշխանությունները։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես էին եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին եւ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը եւս հանդես եկավ հայտարարությամբ եւ հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի եւ տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Երեկ՝ երեկոյան, Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները վանկարկում էին Վեհափառ հայրապետի անունը՝ հայտնելով իրենց աջակցությունը։






























