Armenian text to speach

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրանցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ։ Քաղաքացիների խընդիրները մշտապես պահելով մեր ուշադրության կենտրոնում՝ կարողացել ենք բարձրաձայնել, ուսումնասիրել եւ նպաստել բազմաթիվ հարցերի ճիշտ ու արդարացի լուծմանը

 

Ստորեւ ներկայացնում ենք այն նշանակալի հրապարակումները, որոնց միջոցով բարձրաձայնված քաղաքացիների խնդիրները ոչ միայն արձանագրվել են, այլեւ հանգուցալուծում են ստացել։

 

  1. «Սուլթան համիդի ժամանակ հայերի փողերը տվել են, անկախ Հայաստանում չեն տալիս»:

2025 թվականի օգոստոսի 28-ին բարձրաձայնել էինք մեզ ահազանգած քաղաքացու խնդիրը։ Մեր զրուցակիցը հայտնել էր, որ ինքն ու իր՝ շուրջ 30 հոգուց բաղկացած աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, կատարել են աշխատանք, սակայն գործատուն հետագայում հրաժարվել է վճարել դրա դիմաց։

Քաղաքացու խոսքով՝ գործատուն մերժել է վճարել գումարի մի մասը, որը կազմել է 5 միլիոն 300 հազար դրամ։ Նա նշել էր, որ խնդրի լուծման համար դիմել է տարբեր պետական գերատեսչությունների, անգամ՝ վարչապետի աշխատակազմ, սակայն բոլոր փորձերը մնացել են անարդյունք։

Մեր զրուցակցի պարզաբանմամբ, պատկան մարմինները խնդրին ընթացք չեն տվել այն հիմնավորմամբ, որ իր եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրը եղել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչն էլ պատճառ է դարձել իրավական գործընթաց չսկսելու համար։

Մեր կողմից քաղաքացու խնդիրը հրապարակայնացնելուց որոշ ժամանակ անց ամբողջ գումարը փոխանցվել է նրա բանկային հաշվին։ Այս մասին մեզ տեղեկացրել է հենց նույն քաղաքացին՝ զանգահարելով խմբագրություն եւ ուրախությամբ հայտնելով, որ խնդիրը լուծվել է:

 

  1. «Ահազանգ. Eurojob ընկերությունը կեղծում է փաստաթղթերը եւ խաբում քաղաքացիներին»:

2025 թվականի մայիսի 25-ին հրապարակել էինք տեսանյութ, որտեղ քաղաքացին ահազանգում է այն մասին, որ ինքը եւ մի քանի այլ քաղաքացիներ խաբվել են Սայաթ-Նովա 40 հասցեում գործող Eurojob ընկերությունից։ Մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ տեսնելով ընկերության գովազդները՝ մտադրվել էր մեկնել արտասահման աշխատելու նպատակով։ Այցելելով գրասենյակ՝ քաղաքացին գործատուի հետ համաձայնության է եկել եւ ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ փաթեթի արժեքը կազմում է 590 հազար դրամ։ Փուլ առ փուլ քաղաքացին վճարել է գումարը, վերցրել պայմանագիրը եւ գնացել դեսպանատուն, որտեղ էլ քաղաքացուն հայտնել են, որ պայմանագիրը կեղծ է։ Կրկին դիմելով գործատուին գումարը հետ ստանալու համար, քաղաքացին մերժում է ստացել, ինչից հետո գործատուն այլեւս չի պատասխանել նրա զանգերին։

Քաղաքացին որոշեց դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն։ Մենք բարձրաձայնեցինք նրա խնդիրը, եւ նույն օրը գործատուն կապ հաստատեց թե՛ քաղաքացու, թե՛ մեզ հետ։ Ուղիղ մեկ շաբաթ անց ահազանգած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ գումարի մի մասն իրեն վերադարձրել են, իսկ մի մասն էլ խոստացել են մոտ ժամանակներս փոխանցել հաշվեհամարին։

 

  1. «Արթուր Օսիպովի ասածն այն էր, որ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում է եղել. ակցիայի մասնակից». (նյութը հրապարակվել էր 2025 թվականի ապրիլի 21-ին)։

Ապրիլի 18-ին մոտ չորս տասնյակ արցախցիներ բողոքի ակցիա իրականացրին Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի դիմաց։ Նշենք, որ այս չորս տասնայկ արցախցիները ՀՀ-ում գործող իշխանության, այսպես կոչված, թունդ աջակիցներն են եւ 2018 թվականին էլ մեծ ոգեւորվածությամբ ընդունեցին հեղափոխությունը։ Ցուցարարներին հանգստացրեց եւ իրենց հուզող հարցերին պատասխանեց ԱՀ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ցուցարարները, Շահրամանյանի հետ ընդհանուր հայտարարի գալով, որոշեցին երկու օր անց կրկին հանդիպել։ Ապրիլի 21-ին հանդիպումից հետո արցախցի մի ցուցարար լրագրողների հետ զրույցում նշեց, թե արցախցի պաշտոնյաների, պատգամավորների, գեներալների որդիները «չեն կռվել», ինչին հակադարձելով՝ ArmLur.am-ի լրագրողը անուն առ անուն նշել է գեներալների, պաշտոնյաների եւ պատգամավորների անուններ, որոնց որդիները մասնակցել են պատերազմին, ինչպես նաեւ հայտնել էր մի պատգամավորի որդու մասին, որը կամավոր մասնակցել էր 44-օրյա պատերազմին եւ զոհվել։ Նույն օրը՝ երեկոյան, նույն արցախցին ուղիղ եթերով ներողություն խնդրեց իր հայրենակիցներից եւ ապա շեշտեց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել նման անպատասխանատու հայտարարություն անելը։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվականը մշտապես անդրադարձել են արցախհայության խնդիրներին, բարձրաձայնել այդ մասին եւ շատ դեպքերում ստացել դրական արդյունք։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է, ԾԱՅՐԱՄԱՍԵՐԸ՝ ՈՉ

Հայաստանն անհամաչափ է զարգանում։ Գրեթե ամեն ինչ՝ Հայաստանի արտադրական, կրթական, առողջապահական հիմնարկություների բացարձակ մեծամասնությունը կենտրոնացած է  մայրաքաղաք Երեւանում, ինչը սպառնալիք է երկրի համաչափ զարգացման տեսանկյունից։ Մարզերում էլ զարգացման անհամաչափություն կա. մարզկենտրոնները, համայնքների կենտրոն քաղաքները համեմատաբար զարգացած են՝ ի տարբերություն մարզերի այլ բնակավայրերի, գյուղերի։ Սակայն զարգացման տեմպերի անհամաչափություն  գոյություն ունի նաեւ  համայնքի կենտրոն հանդիսացող քաղաքների տարբեր հատվածների միջեւ։ Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել.  փողոցներ են ասֆալտապատվել, փողոցային լուսավորության ցանցը բարելավվել է, բազմաբնակարան շենքերին կից տարածքներում մանկական խաղահրապարակներ են կառուցվել։ Տուրիստական Դիլիջանը բարեկարգվել, կառուցապատվել է։ Սակայն Դիլիջանի կառուցապատումը, բարեկարգումը գերազանցապես տեղի է  ունեցել տուրիստական քաղաքի կենտրոնում, իսկ Դիլիջան քաղաքի ծայրամասերում երկար տարիներով առկա բազում, բազմապիսի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Դիլիջան քաղաքի բնակչուհի, հասարակական ակտիվիստ Լուսինե Գրիգորյանը Դիլիջանի անհամաչափ զարգացման վերաբերյալ ասում է. «Քաղաքը զարգանում է, բայց  ոչ բոլորի համար։ Կենտրոնը օր օրի շքեղանում է՝ նոր սալիկներ, լուսավորություն, ցուցադրական ծրագրեր ու ժապավեն կտրելու հանդիսավոր պահեր։ Իսկ մի քանի փողոց այն կողմ՝ ծայրամասերում, նույն քաղաքը շարունակում է ապրել մոռացվածի կարգավիճակում։ Այստեղ ճանապարհները դեռ փոսերով են, լուսավորությունը՝ թերի կամ բացակա, բակերը՝ անտեսված, սոցիալական ու մշակութային ծրագրերը՝ թերի։

Ստացվում է, որ քաղաքը բաժանված է «տեսանելի» եւ «անտեսանելի» հատվածների։ Զարգացումը, որը սահմանափակվում է միայն կենտրոնով, զարգացում չէ. դա ցուցադրություն է։

Երբ ծրագրերը պտտվում են նույն հասցեների շուրջ, իսկ ծայրամասի բնակիչները տարիներով դուրս են մնում ուշադրությունից, խոսքն արդեն անարդար քաղաքականության մասին է։ Քաղաքը մեկ ամբողջություն է, ոչ թե միայն կենտրոնական հրապարակ։ Եվ եթե շարունակվի այս անհամաչափ մոտեցումը, ապա կենտրոնի շքեղության հետեւում ավելի ակնհայտ կդառնա ծայրամասերի լռեցված դժգոհությունը։ Զարգացումը պետք է հասնի բոլորին, այլապես այն կորցնում է իր իմաստը։ Դիլիջան քաղաքիի Կամոյի, Վասիլեւի, Կաղնի Խաչի եւ այլ անտեսված թաղամասերի ու փողոցների բնակիչնե՛ր, ձեր երեխաներն էլ կուզեին, չէ՞, գեղեցիկ  խաղահրապարակ ունենալ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս