Armenian text to speach

ՏՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՈՐՈՆՔ ԿՄԻԱՎՈՐԵՆ ՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տարվա վերջին օրերը լավագույն առիթն են դանդաղելու, առօրյա աղմուկից կտրվելու եւ վերադառնալու սպասված հանգստին ու ֆիլմերին, որոնք վաղուց ծանոթ են, սակայն ամեն անգամ դիտելիս նոր զգացողություններ են թողնում։ Ամանորյա օրերին հատկապես հաճելի է դիտել այն ֆիլմերը, որոնք միավորում են հումորը, ձմեռային կախարդանքն ու նոստալգիան։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ամանորյա ֆիլմերի ընտրանի, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են տոնական օրերին՝ դառնալով շատ ընտանիքների «ավանդույթի» մի մասը։

 

Ամանորի խորհրդանիշ դարձած ֆիլմը՝ «Տանը մենակը» (Home Alone)

 

«Տանը մենակը» վաղուց դադարել է պարզապես ընտանեկան կատակերգություն լինելուց։ Ֆիլմի ամենահիշվող դրվագները՝ Քեւինի հնարամիտ թակարդները, նրա ինքնուրույն «մեծանալու» փորձերը, ինչպես նաեւ քաղաքի ձմեռային տեսարաններն ու ամանորյա մթնոլորտը, մշտապես առաջ են բերում նոստալգիկ զգացողություններ։ Ֆիլմը դիտվում է նույն հաճույքով անգամ տասնյակ դիտումներից հետո։

Ի դեպ, օրեր առաջ համացանցում տարածվեցին ֆիլմի հայտնի տան վերանորոգված տեսարանները, որոնք դժգոհություն էին առաջացրել բազմաթիվ երկրպագուների շրջանում. նրանց կարծիքով վերանորոգման արդյունքում կորել էր 90-ականների այն ջերմ ու հարազատ մթնոլորտը, որն այս տունը տարիների ընթացքում դարձրել էր ֆիլմի անբաժան այցեքարտերից մեկը։

 

 

 

 

Մարդկային զգացմունքների խճանկար. «Իսկական սեր»

Ամանորյա ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը «Իսկական սերն» է:

Ֆիլմը կառուցված է առանձին պատմությունների վրա, որոնք սկզբում թվում են անկախ, սակայն աստիճանաբար խաչվում են։ Ֆիլմի ազդեցիկությունը մանր դրվագների մեջ է. օդանավակայանի հանդիպումները, չասված խոսքերը, անհարմար ժեստերը, որոնք երբեմն ծիծաղելի են, երբեմն՝ ցավոտ։

Միմյանց խաչվող պարզ ու բարդ ճակատագրերը միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ ամանորյա հրաշքի։ Ֆիլմը հիշեցնում է, որ տարվա վերջում մարդիկ դառնում են մի փոքր ավելի անկեղծ, եւ որ սա լավագույն ժամանակն է սիրելի մարդկանց ասելու, թե որքան կարեւոր են նրանք մեզ համար:

 

 

 

 

Հայկական տոնական կոլորիտ. «Մեր բակը»

 

Հայկական իրականության մեջ ամանորյա օրերը դժվար է պատկերացնել առանց «Մեր բակը» ֆիլմի հումորի ու մտերմիկ մթնոլորտի։ Այն տարիներ շարունակ մնացել է ընտանեկան դիտումների սիրելի ընտրություն՝ հիշեցնելով 2000-ականների սկիզբը, նոր դարաշրջան մտնող Հայաստանը, պարզ ու մաքուր սրտերով մարդկանց, որոնց կերպարները շատերին հարազատ են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձմեռային հեքիաթներ՝ ամբողջ ընտանիքի համար. «Հարրի Փոթեր», «Նարնիայի քրոնիկները»

Այս ֆիլմաշարերը հատկապես ամանորյա օրերին ունեն առանձնահատուկ դիտողական գրավչություն։ «Հարրի Փոթերում» Հոգվարթսի ձմեռային տեսարանները, շքեղ դահլիճներն ու ջերմ լույսով լուսավորված սրահները, ընկերների միջեւ ձեւավորվող հարաբերությունները,  պարահանդեսները ստեղծում են կախարդական մի աշխարհ, որտեղ ամեն բան թվում է հնարավոր։ Ամանորյա օրերը հարմար առիթ են ֆիլմաշարի բոլոր ութ մասերը կրկին դիտելու՝ սպասելով նաեւ 2026 թվականին նախատեսված «Հարրի Փոթեր» սերիալի թողարկմանը։

«Նարնիայի քրոնիկներում» ձմեռը եւս առանձնահատուկ աշխարհ է՝ ձյունե թագավորություն, որտեղ իշխում է Սպիտակ Վհուկը, իսկ յուրաքանչյուր ճանապարհորդություն վերածվում է առանձին հեքիաթի։ Երկու ֆիլմաշարերն էլ չեն սահմանափակվում ֆանտաստիկ ժանրով. դրանք ներկայացնում են ընկերության, անձնազոհության, հավատարմության եւ այլ կարեւոր արժեքներ։

 

 

 

 

Խորհրդային դասականների նոստալգիան. «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ»

Խորհրդային ֆիլմերը եւս իրենց առանձնահատուկ տեղն ունեն տոնական ֆիլմաշարում։ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի ցուցադրությունը վաղուց դարձել է ավանդույթ՝ բերելով ծանոթ միջավայր, հաճելի նոստալգիա եւ ջերմ հիշողություններ։ Հիշվող են ոչ միայն կերպարները, այլեւ երկխոսությունները, երաժշտությունն ու հումորը, որոնք տարիներ շարունակ մնացել են հարազատ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս շարքին միանում է նաեւ «Ծառայողական սիրավեպը»,

 

որի հումորը,  հետաքրքիր սյուժեն այնքան սիրելի են շատ կինոսերների համար, որ ֆիլմի մի շարք արտահայտություններ կարծես թեւավոր խոսքեր են դարձել։

 

 

 

 

 

 

 

Այս ֆիլմերը «դասական դարձած» օրինակներ են, որոնցից գոնե մեկը ամանորյա օրերին դիտվում է յուրաքանչյուր ընտանիքում։ Կարեւորը, իհարկե, այն մարդիկ են, որոնց հետ կիսում եք այդ պահերը։ Թող տոնական օրերն անցնեն ջերմ ու հաճելի մթնոլորտում։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 




Լրահոս