Armenian text to speach

Մաքսանենգության փորձ Մեղրիում. ինչ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ 10․12․2025 թվականին, ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11․000 կգ քաշով և շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA 205/ 62AA194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոց։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70․000․000 ՀՀ դրամի ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ, տեղավորել են «Ֆորդ» մանիշի տրանսպորտային միջոց, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն, և բեռնված մեքենան տեղափոխել Մետեքսիմ տերմինալ։ Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների և վարորդի մոտ առկա փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություն. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ՝ ըստ փաստաթղթերի, և հայտնել է այդ մասին։

Սկզբում պատճառաբանել են, որ ապրանքի մյուս մասը՝ բեռնաթափված մասը, որը պետք է ապօրինի՝ առանց համապատասխան հարկերը վճարելու մտներ ՀՀ, մնացել է այլ պետության տարածքում, սակայն վախենալով, որ իրենց կատարածը կբացահայտվի, Հովհաննես Ամիրխանյանի և Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ նշված բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ, որտեղ, ըստ ստացված տեղեկությունների, դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից ինքն է գողություն կատարել, և շուրջ 400 «dyson»-ները և պլանշետները ինքն է հափշտակել։

Նշված դեպքը փորձ են արել կոծկել ՊԵԿ-ի ղեկավարության կողմից, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս․ Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս․ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այս ամենը կատարվել է մի անցակետում, որտեղ Սարգիս Բաբայանի եղբայրը աշխատում է որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ. Մեղրու անցակետն է վերջինիս վերահսկողության օբյեկտը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի վերաբերյալ դիմեց ՊԵԿ. այժմ սպասում ենք նրանց պաշտոնական պատասխանին։

Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կա՝ ուղղված գլխավոր դատախազին:

Ի պատասխան՝ Դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր: Մենք, պատասխանը ստանալուն պես, կներկայացնենք՝ մանրամասնելով տեղեկությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս