Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի համապատասխան տեսաուղերձը տարածվել է ՀՀ-ում բրիտանական դեսպանության «Ֆեսյբուք»-ի էջում։
«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում»,-նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կարևոր քայլ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դեսպանը նաև հիշեցրել է, որ ՀՀ-ում ՄԲ-ի դեսպանությունում բացվել է պաշտպանության բաժինը։
«Այս տարվա ընթացքում մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, գործարարության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,-իր տեսաուղերձում ասել է Ալեքսանդրա Քոուլը։
Դեսպանի բնորոշմամբ՝ 2026 թվականը լինելու է շատ ակտիվ, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
«Մաղթում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,-եզրափակել է ՄԲ-ի դեսպանը։
























