Հոկտեմբերի 27–ին հայտնել էինք, որ Վանաձորի դատարանում` նիստերի դահլիճում, տուժողի հարազատներից մեկը 22–ամյա մեղադրյալին էր դանակահարել իր հարազատի սպանության վրեժը լուծելու համար։
Բանն այն է, որ 2024 թ․ հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։ եվ ահա սպանված22-ամյա Հայկ Մաղաքյանի հարազատ Սամվել Նազարյանը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 4 դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, մոտեցել է Էրիկ Դադիվանյանին և իր մոտ նախապես պահած կտրող-ծակող ծալովի դանակով հարվածել է վերջինիս թիկունքի աջակողմյան հատվածին՝ պատճառելով կրծքավանդակի աջից հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքի տեսքով առողջությանը ծանր վնաս, սակայն սպանություն կատարելու դիտավորությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Սամվել Նազարյանի խորթ մայրը խլել է հիշյալ դանակը, իսկ նույն վայրում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Տարոնի բաժնի ուղեկցող խմբի ծառայողները կանխել են Սամվել Նազարյանի կողմից այն շարունակելու հնարավորությունը՝ Էրիկ Դադիվանյանին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Սամվել Նազարյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան ։
Սպանվածի հարազատը մեղադրյալի աթոռին է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























