Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Սուզուկի» մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի հասցե:
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողոնը փոխանցել էր 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին:
Նույն օրը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց. գողացել էին Նար-Դոսի շենքերից մեկի բակում կայանված «Կիա» մակնիշի մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի նույն հասցեն։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ այս հանցագործությունը ևս կատարել է 22-ամյա երիտասարդը. այս դեպքում նույնպես գողոնը 21-ամյա երիտասարդը թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:























