Թուրքիայի հետ նույն կատեգորիայի խաղացողներ չենք. Խ. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը հայ թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի, Ցեղասպանության և Հայաստանի կողմից տարվող քաղաքականության մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

– Պրն Հարությունյան, Ցեղասպանության և հայ- թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի կողմից արվող հայտարարությունները որքանո՞վ կարող են կոշտ լինել:

– Դժվար կլինի ասել, թե այդ հայտարարությունները կլինեն կոշտ, թե` ոչ: Մի բան կարող ենք միայն փաստել, որ դրանք կլինեն շատ կոնկրետ և ըստ ձևավորված անհրաժեշտության` աշխարհաքաղաքական, քաղաքական և նույնիսկ միջպետական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում: Ես սրանում մեկ րոպե անգամ չեմ կասկածում:

– Կարծիքներ կան, թե այդ ամենը կարող է հանգեցնել նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների կասեցման: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Կարծում եմ, որ ոչ: Ես խորապես համոզված եմ, որ մեր քաղաքականությունը` հատկապես այս դեպքում, պետք է ձևավորվի հաշվի առնելով երկու հանգամանք` իրողություն և հնարավորություն: Առանց այս երկու հանգամանքը հաշվի առնելու մեր քաղաքականությունը նախագծել, իրականացնել ուղղակի արդյունավետ չէ:

Այն նախաձեռնությամբ, որով հանդես եկավ Սերժ Սարգսյանը ժամանակին` հաշվի էր առնված այս երկու գործոնը: Կար միջազգային համապատասխան մթնոլորտ` Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու, և կար Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական կամքը` ի հեճուկս շատ ու շատ քննադատների, հանդես գալ համարձակ առաջարկությամբ: Եվ մենք հասանք տրամաբանական ինչ-որ հանգրվանի` ստորագրվեցին արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումը նույնպես տևական ժամանակ ձգձգվեց, որովհետև այդ պահին էլ էին գնում բանակցություններ: Պետք է իրերը նաև իրենց անուններով կոչել:

Մենք Թուրքիայի հետ միջազգային հարաբերություններում նույն կատեգորիայի խաղացողներ չենք: Եվ սա պետք է մենք որպես իրողություն հաշվի առնենք: Հետևաբար մեր նպատակը պետք է լինի ոչ թե կտրուկ, ոչ թե կաշկանդված, այլ շատ համարձակ, բայց բանական, շատ ողջամիտ քայլերով խնդիրը պահել օրակարգում: Սա շատ լավ հնարավորություն է Թուրքիայի վրա միջպետական հարցերում ճնշում գործադրելու և մյուս կողմից այդ հարաբերությունները քաղաքական օրակարգում պահելու համար: 

– Ըստ Ձեզ, ի վերջո որևէ երկրի նախագահ իր ելույթում կարտասանի՞ Ցեղասպանություն բառը:

– Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ Ցեղասպանություն բառը, թե ոչ: ԱՄՆ-ի նման պետության համար ոչ մի պրոբլեմ չկա օգտագործել և մյուս օրը բոլորովին այլ բան անել: Ես չեմ կարծում, թե դա էական է, այն այս խնդրի լուծման անկյունաքարը չէ: Շատ ավելի կարևոր է այդ ազդեցիկ անձանց վերաբերմունքը Ցեղասպանությանը, հայ-թուրքական սահմանի բացմանն առարկայնորեն:

Ես համոզված եմ, որ և ԱՄՆ-ն, և Եվրոպական երկրներն ունեն այդ լծակները` միջազգային հանրությանը ստիպելու` բացել հայ-թուրքական սահմանը: Սա էլ է այն իրողությունը, որ մենք պետք է մեր քաղաքականությունը մշակելիս հաշվի առնենք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս