ԱՄՆ վարչակազմը որոշել է երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալների համար պարգևատրումը բարձրացնել մինչև 3000 դոլար։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, այս վճարումը հասանելի կլինի նրանց համար, ովքեր մինչև այս տարվա վերջը կդիմեն այսպես կոչված ինքնաարտաքսման համար։
«Սուրբ Ծննդյան տոներին ամերիկացի հարկատուները առատաձեռնորեն եռապատկեցին անօրինական ներգաղթյալների համար երկրից կամավոր լքելու գումարի չափը։ Մինչև տարեվերջ անօրինական ներգաղթյալները, որոնք ինքնաարտաքսվում են CBP Home հավելվածի միջոցով, իրավունք կունենան ստանալ 3000 դոլարի չափով բոնուս», – գրել է նա X-ում։
Ինչպես նախկինում, նրանց ինքնաթիռի տոմսը նույնպես կծածկի ԱՄՆ կառավարությունը։ Բացի այդ, ներգաղթի խախտումների համար տուգանքներն ու այլ պատժամիջոցները կներվեն։
Այս տարվա հունվարից ի վեր 1.9 միլիոն անօրինական ներգաղթյալներ օգտվել են ԱՄՆ ինքնաարտաքսման հնարավորությունից։
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր պաշտոնը ստանձնելուց առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով է մուտք գործել երկիր։ Սպիտակ տան առաջնորդը բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը։ Իր պաշտոնավարման արարողությունից հետո նա ստորագրեց գործադիր հրամանագիր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Թրամփը հայտարարեց, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը:























