Ղրիմի դեպքերի արձագանքները հասել են մինչև Բելառուս: Թվում է, թե Ալեքսանդր Լուկաշենկոն ամուր է պահում իշխանությունը, իսկ Ռուսաստանի հետ ինտեգրման քաղաքականությանն աջակցում է երկրի բնակչության 70-80 տոկոսը: Սակայն Բելառուսի լիդերի մի քանի հայտարարություններ խոսում են այն մասին, որ նրա մոտ ոչ միանշանակ վերաբերմունք է Ղրիմի իրադարձությունների նկատմամբ:
Լուկաշենկոն չի բացառում մայդանի իրադարձությունների կրկնությունը Բելառուսում, սակայն հաջորդ տարվա համար, գրում է pravda.ru-ն:
2015թ. աշնանը Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախորդ ընտրություններում` 2010 թ., Լուկաշենկոյի երկրում արդեն եղել է բելառուսական մայդանը:
Ընդդիմության ակցիաները Մինսկում հանգեցրեցին զանգվածային անկարգությունների: 600 ամենաակտիվ մասնակից բերման էր ենթարկվել, իսկ նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը մինչ այժմ կրում է իր պատիժը:
Նման մի բան ծրագրվում է նաև այսօր: Արդեն սկսվել է հասարակության կարծիքի հավաքագրումը համացանցի միջոցով: 2014թ. մարտի 25-ին կայացած մի կոնֆերանսի ընթացքում պարզ է դարձել, որ հասարակությունը պատրաստ է փոփոխությունների և չպետք է թողնել, որ նախագահ դառնալու պայքարում Լուկաշենկոն հաղթող դուրս գա:
Ըստ հարցման արդյունքների, երկրի բնակչության 50 տոկոսն իրեն համարում է եվրոպացի, իսկ մյուս 50 տոկոսը` ռուս: Այդ 50 տոկոսի կեսը կարող է խանգարել Լուկաշենկոյին` նախագահ դառնալու գործընթացում: Այս տեսակետը չեն կիսում այն քաղաքագետները, ովքեր ասում են, թե նախորդ ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է մարդկանց 80 տոկոսը և այդ աջակցությունը պահպանվում է:
Արևմուտքը չէր ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները, իսկ Լուկաշենկոյին այլ կերպ` քան «Եվրոպայի վերջին դիկտատոր» չեն անվանում:
Լուկաշենկոյի դեմ սպատժամիջոցներ կիրառվում են 2006թ.-ից: Նրա մուտքն ԱՄՆ արգելված է: Թվում էր, թե այս պատճառով Ռուսաստանի համար ավելի վստահելի գործընկեր չկա, սակայն Լուկաշենկոն հաճախ է «խաղում» արևմուտքի հետ:
Ուկրաինայի դեպքում էլ Լուկաշենկոն անորոշ դիրքորոշում ընդունեց` ճանաչելով Ղրիմի միացումը Ռուսաստանին դե ֆակտո, այլ ոչ թե դե-յուրե:
Փաստ է, որ Լուկաշենկոն չի ցանկանում և վախենում է նման դեպքերի կրկնությունից Բելառուսում: