ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին, ընդառաջ արված հայտարարությանը: Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին:
-Պարոն Սարգսյան, ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները:
-Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է:
Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը:
Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները: Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք: Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաև այլ կրոններում: Ինչպես նշել է Նախագահ Սարգսյանն իր ուղերձում. «Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»:
Ընդ որում, դատապարտել անցյալի հանցագործությունները՝ չի նշանակում հանցագործ ճանաչել այդ պատմությունը կրող ողջ ժողովուրդին: Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին և իրականացնողներին: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց պատմությունը կրող ժողովրդին, քանի որ միայն դա է հնարավորություն տալիս տարանջատել ժողովրդին պատմության ամոթալի էջերից:
Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին: Սակայն փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքանության մեջ: Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում:
Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, և այն իր տրամաբանական ձևակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության Նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձևակերպումն առավել քան արդիական է դառնում:
Հոդվածը՝ «Արմենպրեսի»: